ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հոկտեմբերի 14-ի ուշ երեկոյան հայտնել է, որ անցյալ շաբաթ ոչնչացրել է Իրանի հետ կապ ունեցող առագաստանավ: X հարթակում CENTCOM-ի հաղորդագրության համաձայն՝ նավը հետախուզություն էր իրականացնում և թիրախավորում էր Օմանի ծոցում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը։ «Առագաստանավի անձնակազմի անդամները նավի ոչնչացումից առաջ անվտանգ տարհանվել են։ Նրանց հայրենադարձության գործընթացը շարունակվում է», – գրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ CENTCOM-ը հավելել է, որ վերջին յոթ ամսվա ընթացքում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, բացի ամերիկյան ռազմածովային ուժերի նավերից, առանց խտրականության թիրախավորել է նաև տարածաշրջանային ջրերով անցնող քաղաքացիական նավաստիներին:



