Սիրելի’ գիտնականներ, ուսանողներ և գիտությամբ հետաքրքրված մարդիկ, Ինչպես շատերդ տեղյակ եք, գուցե նաև ներկա եք գտնվել, հոկտեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում ԵԳԱԾ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ նվիրված 2026–2027 թթ․ բյուջետային ֆինանսավորման պայմաններում գիտության ոլորտի առջև ծառացած մարտահրավերներին։ Հանդիպմանը մասնակցություն են ունեցել գիտական ինստիտուտների և համալսարանների ներկայացուցիչներ, գիտական հաստատությունների ու լաբորատորիաների ղեկավարներ, հետազոտողներ և ոլորտի զարգացմամբ հետաքրքրված ու շահագրգիռ մարդիկ։ Բանախոսությունների և բաց քննարկման ընթացքում ներկայացվել են ստեղծված իրավիճակի տարբեր կողմերը, բարձրաձայնվել գիտական համայնքի մտահոգությունները և քննարկվել հնարավոր լուծումները։ Քննարկման ընթացքում հստակ ընդգծվեցին մի քանի առանցքային ուղերձներ. Գիտության ֆինանսավորման շարունակականությունն ու կանխատեսելիությունն անհրաժեշտ պայմաններ են գիտական հաստատությունների կայուն գործունեության, հետազոտությունների իրականացման համար։ Գիտության զարգացման ռազմավարական ծրագրի թիրախային նպատակների հետևողական կատարումը կարևոր է. գիտությունը ոչ թե մրցակցում է երկրի առաջնահերթությունների հետ, այլ նպաստում է դրանց լուծմանը։ Գիտելիքահեն տնտեսություն, տեխնոլոգիական զարգացում և միջազգային մրցունակություն հնարավոր չէ ապահովել՝ առանց ուժեղ ազգային գիտական համակարգի։ Գիտական ներուժի կորուստը պետք է կանխել, հակառակ դեպքում դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Երիտասարդ գիտնականների, նորաստեղծ գիտական խմբերի և վերջին տարիներին ձևավորված հետազոտական կարողությունների պահպանումը պետք է դիտարկվի որպես երկրի երկարաժամկետ զարգացման առաջնահերթություն։ Հանդիպման կարևորագույն արդյունքը մասնակիցների՝ իբրև գիտական համայնքի ներկայացուցիչների համախմբումն էր և առկա խնդիրների գնահատման ու հետագա գործողությունների անհրաժեշտության շուրջ միասնական դիրքորոշման ձևավորումը։ ԵԳԱԾ-ը պատրաստ է իր հարթակը տրամադրելու նաև հետագա քննարկումների և նախաձեռնությունների համար՝ նպաստելով գիտական համայնքի համախմբմանը, միասնական դիրքորոշման ամրապնդմանը և համաձայնեցված գործողությունների իրականացմանը։



