Հոկտեմբերի 19-ին Երևանը կդառնա համաշխարհային բնապահպանական դիվանագիտության կենտրոն։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովին մասնակցող պետությունները կքննարկեն մոլորակի բնական հարստության պահպանման ապագան։ Հայաստանը միջազգային հանրությանը կներկայանա բնության պաշտպանության հավակնոտ օրակարգով։ Սակայն համաժողովի բացումից ընդամենը ինը օր առաջ կառավարությունը պաշտոնապես ազդարարեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը։ Այս համընկնումը Հայաստանի բնապահպանական քաղաքականության ամենախոսուն բնութագիրն է։ Երևանը պատրաստվում է ընդունել կենսաբազմազանության պահպանման վերաբերյալ համաշխարհային քննարկումը՝ սեփական երկրում այդ քաղաքականության ամենավիճահարույց հարցերից մեկը թողնելով չլուծված։ Այս հակասությանն անդրադարձել է միջազգային հեղինակավոր բնապահպանական կազմակերպություններից մեկը՝ Global Forest Coalition (Գլոբալ անտառային կոալիցիա)-ն։ Հոկտեմբերի 14-ին հրապարակած հայտարարությամբ կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել COP17-ին Հայաստանի նախապատրաստության առնչությամբ՝ ուշադրություն հրավիրելով Ամուլսարի հանքի շահագործման, բնապահպանների նկատմամբ դատական գործընթացների և տեղի բնակչության կարծիքն ու շահերը հաշվի չառնելու վրա։ Կոալիցիայի գնահատմամբ՝ այս զարգացումները բացահայտում են Հայաստանի ստանձնած միջազգային բնապահպանական պարտավորությունների և կառավարության վարած քաղաքականության միջև խորացող հակասությունը։ Խնդիրն առանձնակի քաղաքական նշանակություն է ստացել բնապահպանների նկատմամբ վերսկսված դատական գործընթացների պատճառով։ Հոկտեմբերի 9-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT) և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մտահոգություն հայտնեցին «Լիդիան Արմենիայի» նախաձեռնած դատական հայցերի առնչությամբ։ Դրանք վերաբերում են բնապահպանական իրավապաշտպաններ Նազելի Վարդանյանին և Թեհմինե Ենոքյանին։ Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ գործերն ունեն հանրային մասնակցությունը սահմանափակելուն ուղղված ռազմավարական հայցերի (SLAPP) հատկանիշներ։ Բնապահպանների նկատմամբ դատական գործընթացներն արդեն հանրային ազատ խոսքի և պետության ժողովրդավարական պատասխանատվության հարց են առաջադրում՝ հատկապես COP17-ին ընդառաջ, երբ Հայաստանը հավակնում է միջազգային բնապահպանական օրակարգում հեղինակավոր դերակատարության։ Ամուլսարի շուրջ վեճը բացահայտում է նաև բնապահպանական քաղաքականության շատ ավելի հիմնարար խնդիր։ Հանքի բնապահպանական ծրագրերում նախատեսված է կենսաբազմազանությանը հասցվող մնացորդային վնասի փոխհատուցման մեխանիզմ։ Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը ժամանակին ֆինանսավորում էր նախատեսել այդ ծրագրի համար։ Միջազգային հանքարդյունաբերության մեջ տարածված այս մոտեցումը թույլ է տալիս հանքավայրի շահագործմամբ բնությանը հասցված վնասը փոխհատուցել այլ տարածքներում իրականացվող բնապահպանական ծրագրերով։ Սակայն հնարավո՞ր է ֆինանսական փոխհատուցմամբ վերականգնել դարերի ընթացքում ձևավորված բնական միջավայրը։ Ամուլսարի կենսաբազմազանությունը փոխկապակցված համակարգ է, որի յուրաքանչյուր բաղադրիչ կարևոր է ամբողջի գոյության համար։ Այլ տարածքում անտառ տնկելը կամ բնապահպանական ծրագիր իրականացնելը չի կարող երաշխավորել ոչնչացված էկոհամակարգի վերականգնումը։ Բնության որոշ կորուստներ անդառնալի են, և դրանց գինը հնարավոր չէ սահմանել ֆինանսական հաշվարկով։ Բնապահպանական փորձագետները տարիներ շարունակ բարձրաձայնել են հենց այս վտանգը։ WWF Հայաստանի նախկին տնօրեն Կարեն Մանվելյանի մասնագիտական գնահատմամբ՝ Ամուլսարում բաց եղանակով հանքարդյունահանումը կարող է հանգեցնել բնական կենսամիջավայրերի անդառնալի ոչնչացման, իսկ նախատեսվող փոխհատուցման միջոցառումները չեն կարող վերականգնել դրանց առանձնահատուկ կենսաբազմազանությունը։ Այս վեճն ունի նաև աշխարհատնտեսական ենթատեքստ։ Արդյունահանող արդյունաբերությունը զարգացող պետություններին խոստանում է ներդրումներ, հարկային եկամուտներ, աշխատատեղեր և արտահանման աճ։ Հայաստանի սահմանափակ տնտեսական հնարավորությունների, արտաքին կախվածությունների և ներդրումների ներգրավման դժվարությունների պայմաններում այս փաստարկներն առանձնակի կշիռ ունեն։ Ոսկու համաշխարհային շուկայում բարձր պահանջարկն էլ մեծացնում է նման նախագծերի տնտեսական գրավչությունը։ Սակայն հանքարդյունաբերության տնտեսական գնահատականը պահանջում է ամբողջական հաշվեկշիռ։ Պետությունը պարտավոր է հաշվարկել նաև հնարավոր երկարաժամկետ բնապահպանական պարտավորությունները, ջրային անվտանգության ռիսկերը, հարակից տնտեսական ճյուղերի կորուստներն ու հանքի փակումից հետո առաջացող ծախսերը։ Ջերմուկի պարագայում այդ հաշվարկն անմիջականորեն առնչվում է զբոսաշրջությանը, առողջարանային տնտեսությանը և տարածաշրջանի զարգացման հեռանկարին։ Հարցն ի վերջո վերաբերում է Հայաստանի զարգացման մոդելին։ Երկրի բնական պաշարներն ունեն սահմանափակ ծավալ, իսկ դրանց օգտագործման հետևանքները փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Պետության տնտեսական քաղաքականությունը պետք է ունենա այդ ժամանակային հեռանկարը։ COP17-ը գումարվում է համաշխարհային կենսաբազմազանության ճգնաժամի պայմաններում։ Պետությունները պետք է գնահատեն 2022 թվականին ընդունված Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի իրականացման ընթացքը և մինչև 2030 թվականը ստանձնած պարտավորությունները։ Քննարկումների կարևոր ուղղություններից են բնապահպանական ֆինանսավորումը, վնասակար տնտեսական խթանների վերանայումը և տեղական համայնքների մասնակցությունը որոշումների կայացմանը։ Հայաստանի համար համաժողովը միջազգային հեղինակության և դիվանագիտական ներկայության բացառիկ հնարավորություն է։ Փոքր պետությունն ընդունում է մոլորակային նշանակության բանակցություններ և հնարավորություն ստանում մասնակցելու համաշխարհային բնապահպանական օրակարգի ձևավորմանը։ Այդ կարգավիճակն իր հետ բերում է քաղաքական պատասխանատվություն։ Ամուլսարի վերաբերյալ կառավարությունը պետք է հրապարակի սպառիչ ու ստուգելի պատասխաններ։ Հասարակությանը հասանելի պետք է լինեն ջրային պաշարների պաշտպանության երաշխիքները, բնապահպանական մոնիթորինգի արդյունքները, հնարավոր վնասների փոխհատուցման ֆինանսական ապահովումը և անկախ վերահսկողության մեխանիզմները։ Առանձնահատուկ նշանակություն ունի տեղական համայնքների լիարժեք մասնակցությունը։ COP17-ի նախօրեին Ամուլսարը Հայաստանի համար վերածվել է քաղաքական պատասխանատվության լուրջ քննության։ Այստեղ խաչվում են պետության տնտեսական շահերը, հանրային վստահությունը, բնապահպանական անվտանգությունն ու միջազգային պարտավորությունները։ Կառավարության որոշումների հետևանքները շատ ավելի երկար կյանք են ունենալու, քան երևանյան համաժողովում հնչող հայտարարությունները։ Հոկտեմբերի 30-ին միջազգային պատվիրակությունները կհեռանան Երևանից, իսկ Ամուլսարի շուրջ հարցերը կմնան։ Դրանց պատասխաններից է կախված Հայաստանի բնապահպանական քաղաքականության արժանահավատությունը։ Բնությունը երկար հիշողություն ունի։ Քաղաքական որոշումների գինը հաճախ վճարում են հաջորդ սերունդները։



