Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի հորդորական խոսքը մկրտության մասին

Սողոմոն Իմաստունը ժամանակը բաժանում էր կենցաղային գործերի կատարման համար, և այդ գործերից յուրաքանչյուրի համար պատշաճ ժամանակ էր սահմանում՝ ասելով. «Ամեն բանի ժամանակը կա և ամեն գործ ունի իր ժամանակը՝ ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը» (հմմտ. Ժող. Գ 1): Ես էլ, փոքր-ինչ փոփոխության ենթարկելով Իմաստունի խոսքն ու ձեզ փրկաբեր ավետիսը քարոզելով՝ ա՛յն կասեմ, որ կա ժամանակ՝ մեռնելու և ժամանակ՝ ծնվելու: Ի՞նչն է այս փոփոխված խոսքի տարբերությունն այն առաջին խոսքի համեմատությամբ: Տարբերությունն այն է, որ Սողոմոն Իմաստունը, խոսելով լինելիության և ապականության օրենքներին ենթակա գոյությունների մասին, համաձայն մարմնական բնության, ծնունդը նախադասել է մահվանը, որովհետև անհնար է ծնվելուց առաջ մահանալ: Սակայն ես, քանի որ հոգևոր վերածնության մասին եմ պատրաստվում խոսել, մահը կյանքից առաջ եմ «տեղադրում», քանի որ մարմնի մեռնելու ճանապարհով է տեղի ունենում հոգով կենդանացումը՝ համաձայն Տիրոջ խոսքի, որ ասում է. «Ես պիտի մեռցնեմ և Ես պիտի փրկեմ» (հմմտ. Բ Օրնք. ԼԲ 39): Արդ, ուրեմն, մեռնե՛նք, որպեսզի ապրենք: Սպանե՛նք մարմնավոր խորհուրդները, որոնք չեն կարողանում հնազանդվել Աստծու օրենքին (հմմտ. Հռոմ. Ը 7), որպեսզի այդպիսով մեր մեջ զորավոր լինեն հոգո՛ւ խորհուրդները, որոնց միջոցով կյանքն ու խաղաղությունն են ծնունդ առնում: Թաղվե՛նք Քրիստոսի հետ, Նրա՛, ով մեզ համար մեռավ, որպեսզի և հարություն առնենք Նրա հետ, ով մեզ հարություն պարգևեց: Եվ արդ, տարբեր գործերի համար պատեհ տարբեր ժամանակներ կան: Առանձին ժամանակ կա քնի համար, առանձին ժամանակ՝ արթուն լինելու, առանձին՝ պատերազմի, և առանձին՝ խաղաղության համար: Իսկ ահա Մկրտության ժամանակը մարդկային կյանքի ողջ ընթացքով ձգվում է, քանի որ ինչպես, արդարև, մարմինն է անկարող ապրել առանց շնչառության, այդպես էլ և հոգին է անկարող գոյատևել՝ առանց Արարչին ճանաչելու:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5762

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով