Հայաստանը փրկիչների սպասասրահում

Հայաստանի անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը սեփական ուժերին ապավինելու փոխարեն դրսից փրկություն սպասելու՝ մեր հասարակության մեջ խորապես արմատացած մտածողությունն է։ Հանրության մի մասը Հայաստանի անվտանգության երաշխիքը շարունակում է փնտրել Ռուսաստանում, մյուսը՝ Արևմուտքում։ Երկու դեպքում էլ նույն վտանգավոր համոզմունքն է՝ մեր ճակատագիրը տնօրինելու և մեր անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը վստահել ուրիշներին։ Այս մտածողությունն արդեն ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Դրսից փրկություն սպասող հասարակությունը սեփական պետության հզորացման փոխարեն ապավինում է օտար տերությունների հովանավորությանը։ Արդյունքում թուլանում է սեփական ճակատագրի համար պատասխանատվության զգացումը, իսկ արտաքին քաղաքականությունը հայտնվում է ուրիշների որոշումներից ու խոստումներից կախվածության մեջ։ Հայաստանն այդ մտածողության համար արդեն չափազանց ծանր գին է վճարել։ Տասնամյակներ շարունակ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը, նրա ռազմական ներկայությունն ու անվտանգության պայմանագրերը մեզ ներշնչել էին պաշտպանվածության զգացում։ 2020 թվականի պատերազմը, դրան հաջորդած ադրբեջանական ներխուժումները և 2023 թվականին Արցախի հայաթափումը փլուզեցին այդ պատրանքը։ Պատմության այս դաժան դասը պետք է վերջապես յուրացնենք. որևէ տերության շահը չի կարող Հայաստանի անվտանգության անվերապահ երաշխիքը լինել։ Սեփական ճակատագիրը ուրիշի պատասխանատվությանը հանձնելու հետևանքները կրում ենք մենք՝ մեր տարածքներով, մարդկային կորուստներով ու խաթարված անվտանգությամբ։ Այսօր նույն սխալը կրկնելու վտանգ կա արդեն Արևմուտքի հետ հարաբերություններում։ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ ռազմավարական գործընկերության խորացումը, եվրոպական ինտեգրումը, պաշտպանական ու տնտեսական համագործակցությունը կենսական նշանակություն ունեն Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման և զարգացման համար։ Սակայն նոր գործընկերներից փրկություն սպասելը կարող է մեզ կրկին կանգնեցնել հին խնդրի առաջ։ Վաշինգտոնն ու Բրյուսելն առաջնորդվում են սեփական շահերով, և դա միջազգային քաղաքականության բնական տրամաբանությունն է։ Հայաստանի խնդիրն այդ շահերի համադրության մեջ սեփական տեղը, արժեքն ու ազդեցությունը մեծացնելն է։ Մեր անվտանգությունը պետք է կառուցվի սեփական կարողությունների և հուսալի գործընկերությունների վրա։ Հայաստանի համար կենսական է միջազգային քաղաքականության մեջ սեփական կշիռն ու նշանակությունն ունենալը։ Մեր պատմության ամենակարևոր դասերից մեկը 1918 թվականի մայիսն է։ Կործանման եզրին կանգնած հայ ժողովուրդը Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում կարողացավ համախմբվել, դիմադրել և վերականգնել դարերով կորցրած պետականությունը։ Այդ հաղթանակների հիմքում սեփական ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու հավաքական կամքն էր։ Սարդարապատի մեծագույն ժառանգությունը հենց այս գիտակցությունն է. ժողովրդի գոյության և պետության անվտանգության գլխավոր երաշխիքը սեփական ուժն ու կազմակերպվելու կարողությունն են։ Ֆինլանդիայի պատմությունն ուսանելի է նույն առումով։ 1939 թվականին խորհրդային ներխուժմանը դիմակայող փոքր երկիրը սեփական դիմադրությամբ հաստատեց իր անկախության գինը։ Պատերազմն ավարտվեց տարածքային ծանր կորուստներով, սակայն Ֆինլանդիան պահպանվեց։ Հետագա տասնամյակների ընթացքում այդ երկիրը կառուցեց ամուր ինստիտուտներ, մրցունակ տնտեսություն և պաշտպանական կարողություններ։ 2023 թվականին ՆԱՏՕ-ին անդամակցությունն արդեն այդ երկարատև պետական աշխատանքի ռազմավարական շարունակությունն էր։ Բալթյան երկրների փորձը ևս վկայում է՝ միջազգային անվտանգության համակարգին ինտեգրվելու հաջողությունը պահանջում է ներքին քաղաքական կամք, հասարակական համախմբում և ինստիտուցիոնալ հետևողականություն։ Հայաստանի առջև այսօր կանգնած է նույն սկզբունքային խնդիրը։ Անվտանգությունը բանակի սպառազինության, հասարակության կրթության, տնտեսության արտադրողականության, էներգետիկ անկախության, դիվանագիտության որակի և պետական կառավարման արդյունավետության ամբողջությունն է։ Աշխարհաքաղաքական դիրքն արժեք է ձեռք բերում այդ կարողությունների առկայությամբ։ Տնտեսական թուլությունը նեղացնում է երկրի ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը, էներգետիկ կախվածությունը նրան խոցելի է դարձնում արտաքին ճնշումների առաջ, իսկ հասարակության պառակտումը ճանապարհ է բացում օտար միջամտության համար։ Հայաստանի աշխարհագրությունը փոխել չենք կարող։ Կարող ենք փոխել այդ աշխարհագրության տնտեսական և քաղաքական նշանակությունը։ Տարանցիկ ճանապարհները, էներգետիկ կապերը, նոր տեխնոլոգիաները, եվրոպական շուկաներին հասանելիությունը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող են մեծացնել մեր երկրի ռազմավարական արժեքը։ Դրա համար անհրաժեշտ են հայկական օրակարգ, սեփական առաջնահերթություններ և երկարաժամկետ պետական հաշվարկ։ Մեզ պետք է նաև ազատվել արտաքին քաղաքականությունը քաղաքակրթական հավատարմության քննության վերածելու սովորությունից։ Ռուսաստանի նկատմամբ կախվածության հաղթահարումը պահանջում է հետևողական քաղաքականություն։ Արևմտյան գործընկերության խորացումը՝ բովանդակություն, փոխադարձ պարտավորություններ և չափելի արդյունքներ։ Հարևանների հետ խաղաղությունը՝ ամենօրյա աշխատանք, զգոնություն և սեփական ուժերի նկատմամբ վստահություն։ Հայաստանի անվտանգությունը չի կարելի դարձնել որևէ իշխանության, կուսակցության կամ առաջնորդի մենաշնորհը։ Այն պետք է դառնա ազգային համաձայնության առանցք։ Կարելի է անհաշտ պայքարել իշխանության համար՝ պահպանելով ընդհանուր պատասխանատվությունը պետականության հանդեպ։ Մեզ անհրաժեշտ է հասարակություն, որը կառավարությունից պահանջում է հաշվետվողականություն, բանակից՝ պատրաստվածություն, դիվանագիտությունից՝ արդյունք, իսկ ինքն իրենից՝ մասնակցություն։ Սեփական ուժերին ապավինելը նշանակում է ամրապնդել պետության կարողությունները, գիտակցել սեփական պատասխանատվությունը և միջազգային հարաբերություններում հանդես գալ որպես վստահելի ու ինքնուրույն գործընկեր։ Աշխարհում հաշվի են նստում այն պետությունների հետ, որոնք կարողանում են պաշտպանել իրենց շահերը, կատարել ստանձնած պարտավորությունները և սեփական կշիռն ունենալ միջազգային քաղաքականության մեջ։ Հայաստանի ապագան կախված է մեր պետության ուժից, հասարակության համախմբվածությունից և սեփական ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու կամքից։ Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի որոշումները կարող են ազդել մեր հնարավորությունների վրա, սակայն Հայաստանի անվտանգության հիմքը պետք է կառուցենք ինքներս։ Մեզ փրկիչներ պետք չեն։ Մեզ պետք է սեփական պետության ուժին հավատացող և այդ ուժն ամեն օր իր աշխատանքով, գիտելիքով ու պատասխանատվությամբ ամրապնդող ժողովուրդ։ Ժամանակն է ազատվել փրկության սպասումից և վերջապես գիտակցել պարզ ճշմարտությունը. Հայաստանի ճակատագրի գլխավոր պատասխանատուն մենք ենք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15853

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով