Պակիստանի Փեշավար քաղաքի «Ալ Խաիր» մասնավոր դպրոցի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի։ Այս մասին հաղորդում է պակիստանյան DAWN պարբերականը։ «Լեդի Ռեդինգ» հիվանդանոցի խոսնակ Մուհամեդ Ասիմը հայտնել է, որ զոհերի թվում են 7-14 տարեկան 32 աշակերտ և մեկ ուսուցչուհի, բացի այդ, ևս 20 մարդ վիրավորվել է, որոնց մեծ մասն արդեն դուրս է գրվել։ Նա հավելել է, որ գլխի լուրջ վնասվածքներ ստացած երեք երեխա շարունակում է բուժում ստանալ։ Փրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Փրկարարական ծառայության պաշտոնյան AFP-ին հայտնել է, որ տանիքի փլուզումից հետո վերևի հարկը փլուզվել-ընկել է ներքևի հարկի վրա: Փեշավարի մայրաքաղաքային ոստիկանության սպան հայտնել է, որ շենքի կառուցվածքը թույլ էր։



