Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարն իր «լիարժեք համերաշխությունն» է հայտնել Ուկրաինային։ Այս մասին X հարթակում գրառման մեջ հայտնել է վարչապետն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ ԵՄ գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման ավարտից հետո։ «Բրյուսելում երկկողմ հանդիպում ունեցա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ողջունեցի Հունգարիայի և Ուկրաինայի միջև ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունն՝ ուղղված Անդրկարպատիայում հունգարական փոքրամասնության իրավունքների ամրապնդմանը», – նշել է նա։ «Ուկրաինայի խորհրդարանի կողմից փոքրամասնությունների կրթության մասին օրենքի ընդունումը և դրա անհապաղ կիրառման մեկնարկը մենք համարում ենք փոխադարձ վստահության վերականգնմանն ուղղված առաջին քայլ», – նշել է Մադյարը՝ հավելելով, որ խորհրդակցությունները կշարունակվեն նախարարների մակարդակով։ «Մենք նաև համաձայնեցինք, որ երկու երկրների շահերից է բխում նոր հիմք ստեղծել մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունների համար։ Ես Ուկրաինայի նախագահին հայտնել եմ իմ լիակատար համերաշխությունն իր երկրի դեմ ռուսական դաժան ագրեսիայի պայմաններում, որը շարունակվում է արդեն գրեթե 5 տարի», – հավելել է Մադյարը։ Նրա հայտարարության համաձայն՝ Հունգարիան պատրաստ է բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցներով օգնություն ցուցաբերել՝ շուտափույթ հրադադար հաստատելու և տևական խաղաղության հասնելու համար։ Հունիսին Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Բուդապեշտը և Կիևը համապարփակ համաձայնության են եկել հունգարական փոքրամասնության լեզվական, կրթական, մշակութային և քաղաքական իրավունքներն ընդլայնելու վերաբերյալ։ Ուկրաինայի և Հունգարիայի միջև հարաբերությունները վատթարացել են 2017 թվականից, երբ Կիևն ընդունել էր օրենք, որը զգալիորեն ընդլայնեց պետական լեզվի օգտագործումը կրթության մեջ, իսկ երկու տարի անց սահմանափակեց հունգարերենի օգտագործումը երկրում։



