Tesla-ի «Supercharger» արագ լիցքավորման ցանցում էլեկտրաէներգիայի գները մեկ տարվա ընթացքում աճել են 15%-ով՝ հասնելով մեկ կՎտ/ժ համար միջինը 0,569 դոլարի՝ առանց բաժանորդագրության լիցքավորվող օգտատերերի դեպքում։ Tesla-ի ծառայության բաժանորդները վճարում են մեկ կՎտ/ժ-ի համար միջինը 0,396 դոլար։ Նրանց համար ևս գինն աճել է՝ մոտ 9%-ով։ Միաժամանակ, Tesla-ի մրցակից արագ լիցքավորման ցանցերի միջին գինը վերջին հինգ եռամսյակների ընթացքում մնացել է մոտ 0,533 դոլարի սահմաններում։ Tesla-ի գների բարձրացման հետևանքով ԱՄՆ-ում արագ լիցքավորման միջին գինը հասել է 0,540 դոլարի։ Գների աճը, սակայն, մեծ ազդեցություն չի ունենում էլեկտրամեքենաների սեփականատերերի տարեկան ծախսերի վրա, քանի որ լիցքավորումների մոտ 80%-ը կատարվում է տանը։ Tesla-ն շարունակում է ընդլայնել իր ցանցը․ միայն վերջին եռամսյակում ընկերությունն ԱՄՆ-ում ավելացրել է լիցքավորման 1287 միակցիչ։ Այդուհանդերձ, մրցակիցների աճի տեմպերն ավելի բարձր են եղել, և Tesla-ի մասնաբաժինը լիցքավորման շուկայում մեկ տարվա ընթացքում 54,3%-ից նվազել է մինչև 49,3%։



