Իտալիայի Միլան քաղաքում կյանքի թանկացման և պատերազմների դեմ բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների։ Ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, թալանել խանութներ և հրկիզել գույքը։ Երթը սկզբում խաղաղ է ընթացել, սակայն ավելի ուշ դիմակավորված մասնակիցները քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ ու հրկիզել բարիկադներ։ Իրավապահները ցուցարարներին ցրելու համար կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ LaPresse գործակալության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն երկու ոստիկան, իսկ մոտ 50 ցուցարար, այդ թվում՝ անչափահասներ, ձերբակալվել է։ Անկարգություններ են գրանցվել նաև Բոլոնիայում, որտեղ ոստիկանությունը ձերբակալել է յոթ մարդու։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին դատապարտել է բռնությունները՝ նշելով, որ ցույցերի իրավունքը չի արդարացնում քաղաքների հրկիզումն ու ավերածությունները։ Անկարգությունները տեղի են ունեցել Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։



