Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող մրցելույթները Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների և երիտասարդների առաջնությունում: Մ23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանն այսօր նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ երկամարտի 343 կգ (153+190 կգ) արդյունքով դառնալով արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում ևս նա դարձել է արծաթե մեդալակիր: Երիտասարդների 95 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ 160 կգ արդյունքով: Երկամարտի 347 կգ արդյունքով նա զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Կանանց 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը դարձել է պոկում վարժության բրոնզե մեդալակիր՝ գլխավերևում պահելով 102 կգ կշռող ծանրաձողը: 75 կգ քաշային երիտասարդ ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանն ավելի վաղ հռչակվել էր ԵԱ-ի չեմպիոն երկամարտի 322 կգ արդյունքով: Առանձին վարժություններում ևս Գրիգորյանն արժանացել էր ոսկե մեդալներին. պոկում վարժությունում նա ցույց էր տվել 146 կգ, իսկ հրում վարժությունում 176 կգ արդյունք: Եվրոպայի երիտասարդների առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Սամվել Մարտիրոսյանն էլ երկամարտի 296 կգ արդյունքով դարձել էր ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Պոկում վարժության ժամանակ նա գլխավերևում պահել էր 134 կգ ու 139 կգ ծանրաձողերն ու այս վարժությունում դարձել ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել էր 157 կգ:



