Գիտության ապագան և պետության իրական առաջնահերթությունները Հայաստանում 240 գիտնական ահազանգ է հնչեցնում՝ երկրի գիտության ապագան վտանգի տակ կարող է հայտնվել։ Նրանք բաց նամակով դիմել են վարչապետին, կառավարությանը և Ազգային ժողովին՝ պահանջելով վերանայել 2027 թվականի բյուջեով գիտությանը հատկացվող ֆինանսավորումը։ Թվերը խոսուն են։ Կառավարությունը խոստանում է մինչև 2030 թվականը կրկնապատկել հետազոտողների թիվը և էապես մեծացնել գիտության ֆինանսավորումը։ Բայց հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է ընդամենը 5 տոկոս աճ՝ գիտնականների հաշվարկներով անհրաժեշտ առնվազն 35 տոկոսի փոխարեն։ Ավելի քան 450 գիտական նախագիծ սպասում է իր ճակատագրի հստակեցմանը, արտերկրում աշխատող հարյուրից ավելի հետազոտող պատրաստակամություն է հայտնել միանալու Հայաստանի գիտական համակարգին, մինչդեռ ծրագրերի ֆինանսավորման հարցում անորոշություն է։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը խոսում է արհեստական բանականությունից, տեխնոլոգիական առաջընթացից, նոր Ակադեմիական քաղաքից և ժամանակակից պաշտպանունակ պետություն կառուցելու անհրաժեշտությունից։ Բայց հնարավո՞ր է տեխնոլոգիական պետություն կառուցել՝ չապահովելով գիտության զարգացումը։ Ի՞նչ արժեք կունենան նորագույն լաբորատորիաներն առանց գիտնականների։ Եվ ամենակարևորը՝ արդյոք Հայաստանի կառավարությունը գիտությունը դիտարկում է որպես պետական ծախս, թե՞ որպես երկրի անվտանգության, անկախության և տնտեսական ապագայի ռազմավարական ներդրում։ Այս հարցերի շուրջ այսօր զրուցել ենք Կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի և «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «ԼայմՏեխ» և «Earlyone» ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանի հետ: Առավել մանրամասն՝ տեսանյութում



