Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը բանակցություններ են վարել Թեհրանում։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը: Նշվում է, որ երկու նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի տարբեր հարցեր: Հանդիպումից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ Լավրովն Արաղչիին տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին: Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հարցում: ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ Հորմուզի նեղուցում հարկավոր է վերադառնալ այն իրավիճակին, որը գոյություն ուներ մինչև ճգնաժամը: Արաղչին իր հերթին արդյունավետ է գնահատել Լավրովի հետ բանակցությունները: «Այսօր մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք։ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, իսկ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի իրականացումը դրանք նոր մակարդակի է բարձրացրել», – Արաղչիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Արաղչին նաև նշել է, որ Իրանը և ՌԴ-ն մշտական խորհրդակցություններ են անցկացնում քաղաքական տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ Պարսից ծոցի, Կովկասի, Ուկրաինայի և Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների: Նա հավելել է, որ Իրանը և Ռուսաստանը նաև համակարծիք են, որ Մերձավոր Արևելքում ներկայիս խնդիրները չի կարելի լուծել ռազմական ճանապարհով: Լավրովը Թեհրան է մեկնել Բահրեյնից, որտեղ նա մասնակցել էր «Ռուսաստան-Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդ» ռազմավարական երկխոսության իններորդ փուլին։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թեհրանում Լավրովը կհանդիպի նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։



