Հայաստանի կենտրոնական բանկը հայտնում է, որ 2026 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։ «Քարերի սիմֆոնիան» Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում իր համաչափ բազալտե սյուներով՝ հիշեցնելով երգեհոնի խողովակներ։ Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում: Դիմերես ` ՀՀ զինանշանը և «Գեղարդի առյուծ» կոթող-ուղենիշը դեպի Գառնի (քանդակագործ՝ Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան, 1958 թ.)։ Դարձերես ՝ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի պատկերը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը – 3000 դրամ Մետաղը/հարգը – արծաթ 9990 Քաշը – 93,3 գ Տրամագիծը – 45,0 մմ Որակը – պրուֆ Դրամաշուրթը – ատամնավոր Թողարկման քանակը – 500 հատ Թողարկման տարեթիվը – 2026 Հուշադրամը հատվել է Գերմանիայի «B.H. Mayer Mint» դրամահատարանում։ Կարդացեք ավելին Հուշադրամներ բաժնում: Ծանուցում Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի « Դրամագետ » վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար:



