Երևանում մենք առաջին հերթին կքննարկենք մեր էներգետիկ անկախությունը։ Քանի որ մենք մեծ քանակությամբ էներգիա ենք ներմուծում, Եվրոպան պետք է մեծացնի ներքին ռեսուրսների՝ միջուկային էներգիայի և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը․ Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։ Նա ուշադրություն է հրավիրել Եվրոպայի ռազմական կախվածությանն այլ երկրներից և նշել, որ այս հարցը գագաթնաժողովի օրակարգում է։ Ընդգծելով, որ գագաթնաժողովում կքննարկվի «հուսալի մատակարարման շղթաների» զարգացումը՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաև խոսել է «Միջին միջանցքի» կարևորության մասին Եվրոպայի համար։ Նա նշել է, որ «Միջին միջանցքը» կարևորագույն նշանակություն ունի Եվրոպայի համար՝ ապահովելով կապը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ, և որ Հայաստանը նշանակալի դեր է խաղում այս ոլորտում։



