Սամարղանդը դարեր շարունակ եղել է Եվրասիայի առևտրական ճանապարհների, կայսրությունների շահերի և քաղաքակրթությունների հանդիպման առանցքային հանգույցներից մեկը։ Այսօր պատմական այդ քաղաքը կրկին հայտնվում է մեծ քաղաքականության կենտրոնում։ Հոկտեմբերի 19-ի հանդիպումներով Թիմուրի երբեմնի մայրաքաղաքը կրկին դարձավ Եվրասիայի քաղաքական ու տնտեսական ապագայի շուրջ քննարկումների կարևոր կենտրոն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կենտրոնական Ասիա էր ժամանել ավելի քան 200 ամերիկացի գործարար ղեկավարների ուղեկցությամբ։ Վաշինգտոնը կրկին ակտիվորեն ներգրավվում է Եվրասիայի քաղաքական և տնտեսական նոր համակարգի ձևավորման գործընթացում։ Սառը պատերազմի ավարտից հետո Միացյալ Նահանգները Կենտրոնական Ասիան դիտարկում էր առավելապես անվտանգության, Աֆղանստանի և հետխորհրդային վերափոխումների համատեքստում։ Այդ ընթացքում Չինաստանը կառուցեց տնտեսական ազդեցության հսկայական համակարգ, Ռուսաստանը պահպանեց քաղաքական ու անվտանգային լծակները, իսկ տարածաշրջանի հինգ հանրապետությունները հետևողականորեն ընդլայնեցին իրենց արտաքին քաղաքական հնարավորությունները։ Այսօր նրանց աշխարհագրությունը կրկին մեծ պահանջարկ ունի։ Եվրասիայի կենտրոնում հայտնվելը վերածվում է տնտեսական և քաղաքական առավելության։ Սամարղանդի C5+1 նախարարական հանդիպման հիմնական նշանակությունը հենց այս փոփոխությունն է։ Ռուբիոյի օրակարգում կրիտիկական հանքանյութերն են, էներգետիկան, տեխնոլոգիաները, տրանսպորտը և ամերիկյան ներդրումները։ Ուզբեկստանի հետ հայտարարված 12 միլիարդ դոլարի գործարար համաձայնագրերը վկայում են Վաշինգտոնի հավակնությունների մասշտաբի մասին։ Դրանց իրական արժեքը, բնականաբար, կչափվի իրականացված ծրագրերով։ Մեծ քաղաքականության մեջ ստորագրված փաստաթղթին վերջնական կշիռ են հաղորդում կապիտալը, ենթակառուցվածքը և ժամանակը։ Վաշինգտոնում գիտակցում են նաև Կենտրոնական Ասիայի պետությունների աճող ինքնուրույնությունն ու քաղաքական հավակնությունները։ Տարածաշրջանի պետությունները ձգտում են բազմազանեցնել իրենց գործընկերային հարաբերությունները, ներգրավել մրցակցող տնտեսական կենտրոններ և մեծացնել սեփական ինքնուրույնությունը։ Ռուբիոյի հայտարարությունները ցույց են տալիս ամերիկյան քաղաքականության այդ հաշվարկը։ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել երկրների հետ, որոնք միաժամանակ խոր հարաբերություններ ունեն Պեկինի և Մոսկվայի հետ։ Այս մոտեցումը կարող է ամրապնդել ԱՄՆ-ի երկարաժամկետ դիրքերը տարածաշրջանում։ Հայաստանի համար Սամարղանդի գլխավոր նշանակությունը տարածաշրջանային այս զարգացումների աշխարհագրական շարունակությունն է։ Կենտրոնական Ասիայի տնտեսական վերելքը մեծացնելու է Կասպից ծովով դեպի Հարավային Կովկաս և եվրոպական շուկաներ հաղորդակցությունների պահանջարկը։ Այդ համատեքստում TRIPP-ը ձեռք է բերում առանձնահատուկ ռազմավարական արժեք։ Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը կարող է ներգրավվել Եվրասիայի արևելքն ու արևմուտքը կապող տնտեսական համակարգում՝ ամերիկյան երկարաժամկետ մասնակցությամբ։ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի պայմանավորվածություններն այս հեռանկարի քաղաքական նախադրյալներից են։ Կենտրոնական Ասիայից դեպի Արևմուտք ձգվող հաղորդակցությունների ամբողջ շղթայում TRIPP-ն առանձնահատուկ նշանակություն ունի. այն միակ հատվածն է, որում ԱՄՆ-ն նախատեսում է անմիջական սեփականատիրական մասնակցություն։ Սա Հայաստանին տալիս է ռազմավարական բացառիկ առավելություն՝ երկիրը դարձնելով Եվրասիայում ամերիկյան երկարաժամկետ տնտեսական շահերի անմիջական կրողներից մեկը։ Երևանից պահանջվում է քաղաքական հեռատեսություն․ աշխարհագրական առավելությունը պետական ուժի է վերածվում միայն այն ճիշտ օգտագործելու կարողությամբ։ Դրա համար անհրաժեշտ են գործող երկաթուղիներ, արդիական մաքսային համակարգ, հուսալի ներդրումային միջավայր և կայուն հարաբերություններ հարևանների հետ։ Հայաստանի խնդիրը միջազգային տնտեսական շահերը սեփական զարգացմանը ծառայեցնելն է՝ ստեղծելով նոր արտադրություններ, աշխատատեղեր և ամրապնդելով երկրի անվտանգությունն ու արտաքին քաղաքական ինքնուրույնությունը։ Սամարղանդը նաև հիշեցում է պատմության մասին։ Մետաքսի ճանապարհի քաղաքները հզորանում էին միջազգային առևտրի, գիտելիքի և կապիտալի շրջանառությանը մասնակցելու շնորհիվ։ Նրանց նշանակությունը պայմանավորված էր աշխարհին անհրաժեշտ լինելու կարողությամբ։ Հայաստանն այսօր կանգնած է պատմական նման հնարավորության առջև։ Մեր տարածաշրջանի նկատմամբ մեծ տերությունների աճող հետաքրքրությունը կարող է երկարաժամկետ պետական արդյունք ապահովել՝ ճիշտ քաղաքականության դեպքում։ Սամարղանդում քննարկվում է Եվրասիայի տնտեսական ապագան։ Հայաստանը հնարավորություն ունի մասնակցելու այդ ապագայի կառուցմանը։ Պետք է վերջապես սովորել սեփական աշխարհագրությունը ծառայեցնել սեփական պետությանը։



