Հոկտեմբերի 21-ին կյանքից հեռացել է կինոգետ, արձակագիր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանը։ Նրա մահվան մասին հայտնել է Հայաստանի կինոգործիչների միությունը։ Ցավակցական հաղորդագրությամբ է հանդես եկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Դավիթ Մուրադյանը հայ մշակութային կյանքի այն գործիչներից էր, որի մասնագիտական գործունեությունը միավորում էր գրականությունը, կինոն, թատրոնը, հրապարակախոսությունն ու կրթությունը։ Նա տասնամյակներ շարունակ մասնակցել է հայկական կինոարվեստի զարգացմանը, հեղինակել գրական և դրամատուրգիական ստեղծագործություններ, զբաղվել մշակութային կառավարմամբ և կրթել արվեստագետների մի քանի սերունդ։ Ծնվել է Երևանում՝ արվեստագետների ընտանիքում։ Հայրը դերասան Էդուարդ Մուրադյանն էր, մայրը՝ բալետի արտիստուհի Հայկանուշ Ասատրյանը։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Գրական մամուլում սկսել է տպագրվել դեռևս 1969 թվականից՝ հետագայում իր ստեղծագործական գործունեությունը ծավալելով գրականության և կինոյի մի շարք ուղղություններով։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Հայաստանի ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, այնուհետև երկար տարիներ աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ զբաղեցնելով սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամի, գլխավոր խմբագրի և տնօրենի տեղակալի պաշտոնները։ Դավիթ Մուրադյանը հեղինակել է շուրջ ինը գիրք, բազմաթիվ հոդվածներ, պիեսներ, խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարներ։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից է «Մեր հին դաշնամուրը» թատերախաղը, որն արժանացել է Լևոն Շանթի անվան և «Արտավազդ» մրցանակներին։ Մուրադյանի պիեսները բեմադրվել են Երևանի, Գյումրիի և Հալեպի թատրոններում, ներկայացվել հեռուստատեսությամբ ու ռադիոյով։ Կինոյի պատմության և տեսության ուսումնասիրությանը զուգահեռ՝ նա մեծ աշխատանք է կատարել կինոարվեստի հանրահռչակման ուղղությամբ։ Նրա հեղինակային հեռուստահաղորդումները տարիներ շարունակ հայ հանդիսատեսին ներկայացրել են համաշխարհային և հայկական կինոյի պատմությունը, նշանավոր արվեստագետներին ու կինեմատոգրաֆիական մտածողության զարգացումը։ Նշանակալի է եղել նաև Դավիթ Մուրադյանի գործունեությունը մշակութային կառավարման և կրթության ոլորտներում։ Տարբեր տարիների զբաղեցրել է Հայաստանի գրողների միության փոխնախագահի պաշտոնը, 2008–2010 թվականներին եղել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը։ 2014–2019 թվականներին ղեկավարել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Որպես պրոֆեսոր, կինոգիտական և սցենարական դասընթացների ղեկավար՝ նա տասնամյակներ շարունակ իր մասնագիտական փորձն ու գիտելիքներն է փոխանցել երիտասարդ սերնդին։ Դավիթ Մուրադյանը նաև Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահն էր։ Մշակույթի զարգացման գործում ունեցած վաստակի համար 2006 թվականին արժանացել է «Ոսկե գրիչ» մրցանակի, իսկ 2011 թվականին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։ Խորհրդանշական է, որ Հայաստանի կինոգործիչների միությունն առաջիկա օրերին նախատեսել էր կազմակերպել Դավիթ Մուրադյանի ստեղծագործական երեկոն՝ «Բառ, կադր, գույն» խորագրով։ «Նա, իրոք, բառի, կադրի և գույնի մարդ էր»,— նշված է միության ցավակցական հաղորդագրությունում։ Դավիթ Մուրադյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարությունը՝ ընդգծելով նրա բազմամյա գործունեության նշանակությունը հայ կինոգիտության, գրականության, թատերարվեստի և մշակութային կյանքի զարգացման գործում։ Դավիթ Մուրադյանի թողած ժառանգությունը գրքերով, սցենարներով, բեմադրություններով և կինոգիտական աշխատություններով չի սահմանափակվում։ Նրա գործունեության կարևորագույն շարունակությունը նաև այն մասնագետներն են, որոնք կրթվել ու կայացել են նրա անմիջական մասնակցությամբ։ Հայ մշակույթը կորցրեց բազմակողմանի մտավորականի, որի համար գրականությունը, կինոն և թատրոնը մեկ ամբողջական մշակութային աշխարհ էին։



