Հայաստանին հերթական տնտեսական աղետով են սպառնում։ Եվրասիական տնտեսական միության շրջանակում պատրաստված զեկույցի հեղինակները հաշվարկել են, որ ռուսական գազի գինը կարող է ներկայիս 177,5 դոլարից հասնել 300 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Հանրային քննարկումներում արդեն շրջանառվում են թանկացման աղետալի հետևանքների մասին կանխատեսումներ։ Սակայն այս կանխատեսումներում շրջանցվում է ամենակարևորը՝ գազի հնարավոր թանկացման իրական գինը և այն, թե այդ բեռի որ մասն է պարտավոր կրել սպառողը։ Ո՞վ է որոշել, որ սահմանին գազի թանկացման ամբողջ բեռը պետք է փոխանցվի Հայաստանի սպառողին։ Եվ ինչո՞ւ է անձեռնմխելի համարվում «Գազպրոմ Արմենիա»-ի գործող եկամտաբերությունը։ Թվերը բավական ուշագրավ են։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ բնակչության հիմնական սակագինը 143 700 դրամ է՝ հազար խորանարդ մետրի դիմաց, ներառյալ ԱԱՀ-ն։ Պայմանական 390 դրամ փոխարժեքով դա շուրջ 368 դոլար է։ Սահմանին ձեռքբերման հաշվարկային գինը՝ 177,53 դոլար։ Այս տարբերությունը շուրջ 107 տոկոս է։ Այն ընկերության զուտ շահույթը չէ։ Ներառում է հարկը, գազի տեղափոխման, բաշխման, համակարգի պահպանման, կորուստների և այլ կարգավորվող ծախսերը։ Սակայն հենց այդ տարբերության կառուցվածքն է պահանջում մանրակրկիտ ուսումնասիրություն։ ՀԾԿՀ-ի 2023 թվականի փետրվարի 1-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկան հստակ սահմանում է սակագնի ձևավորման բաղադրիչները։ Դրանց թվում առանձին հաշվարկվում են շահագործման ծախսերը, մաշվածությունը, թույլատրելի շահույթը և փոխհատուցման ենթակա գումարները։ Որևէ դրույթ ընկերությանը չի երաշխավորում ներմուծման գնի և վերջնական սակագնի միջև առկա տոկոսային տարբերության հավերժական պահպանումը։ Ենթադրենք, ներմուծման գինը հասնում է 300 դոլարի։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է ընկերության ամբողջ եկամտային կառուցվածքը մեխանիկորեն վերահաշվարկվի նույն համամասնությամբ։ Արդյո՞ք գազատարների պահպանման ծախսերը, աշխատավարձերը, մաշվածությունը և ներդրված կապիտալի դիմաց թույլատրելի շահույթը նույնպես աճում են 69 տոկոսով։ Նման հաշվարկ ներկայացնողները պարտավոր են հրապարակել յուրաքանչյուր բաղադրիչի հիմնավորումը։ Առավել ուշագրավ փաստ կա։ ՀԾԿՀ-ի 2026 թվականի հուլիսի 1-ի թիվ 174-Ն որոշմամբ արդեն նախատեսվել է ռուսական գազի հնարավոր թանկացման դեպքում սակագնային հաշվարկներից որոշ ծախսերի նվազեցման հնարավորություն։ Խոսքը աշխատակիցների պարգևատրման ֆոնդին ուղղվող հավելյալ գումարների մասին է։ Այսպիսով, հենց կարգավորող մարմինն է ընդունել ծախսերի վերանայման հնարավորությունը։ Հետևաբար պետք է հրապարակել «Գազպրոմ Արմենիա»-ի ամբողջական սակագնային հաշվարկը։ Որքա՞ն է ընկերության թույլատրելի շահույթը, ինչպիսի՞ն է ներդրումների փաստացի կատարողականը, որքա՞ն են համակարգի շահագործման ծախսերը, ինչպե՞ս են հաշվարկվում տեխնոլոգիական կորուստներն ու մաշվածությունը։ Առանձին ուսումնասիրության կարիք ունեն նաև փոխկապակցված ընկերությունների միջև ֆինանսական հարաբերությունները։ Սրանք տնտեսական անվտանգության հարցեր են։ Գազամատակարարման մենաշնորհի ծախսերի յուրաքանչյուր չհիմնավորված դրամի համար վճարում է Հայաստանի քաղաքացին։ Իհարկե, 177,5-ից 300 դոլար թանկացումը լուրջ ռիսկ է։ Այն անտեսելը անպատասխանատվություն կլիներ։ Սակայն սպառողի վերջնական բեռը գնահատելու համար անհրաժեշտ է վերահաշվարկել ամբողջ սակագինը, ուսումնասիրել հնարավոր փոխհատուցման գործիքները և հրապարակել տնտեսական հետևանքների տարբեր սցենարները։ Առայժմ հանրությանը մատուցվում է առավել սարսափեցնող թիվը՝ առանց այդ աշխատանքի հրապարակային արդյունքների։ Եվ վերջապես, սկզբունքային հարց Ռուսաստանի հետ հարաբերությունների տնտեսական գնի մասին։ Եթե ռազմավարական դաշնակից հռչակված պետությունը Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության դիմաց պատրաստվում է գազի գինը բարձրացնել շուրջ 69 տոկոսով, ապա ի՞նչ արժեք ունի տարիներ շարունակ բարձրաձայնված էներգետիկ արտոնությունը։ Հայաստանի կառավարությունը պարտավոր է նախապատրաստվել բոլոր սցենարներին, անհրաժեշտության դեպքում վերանայել գազի ամբողջ սակագնային համակարգը և հանրությանը ներկայացնել հաշվարկներ։ Իսկ «գազային ապոկալիպսիսով» վախեցնողներին արժե ուղղել շատ պարզ հարց։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանի հնարավոր քաղաքական որոշման ամբողջ հաշիվը վճարի հայ սպառողը՝ պահպանելով նաև ռուսական մենաշնորհի գործող եկամտային պայմանները։ Այդ արտոնությունը Հայաստանի քաղաքացու հաշվին հավերժացնելու պարտավորություն գոյություն չունի։



