Բեռլինում անցկացվող NVIDIA GTC 2026 համաժողովում Ջենսեն Հուանգի ելույթի ընթացքում հնչել է Firebird ընկերության անունը։ Աշխարհի ամենաազդեցիկ տեխնոլոգիական ընկերություններից մեկի ղեկավարը Firebird-ը ներկայացրել է արհեստական բանականության համար հաշվարկային հզորություններ ստեղծող նոր ամպային ընկերությունների շարքում։ Ներկայացման համապատասխան հատվածում Firebird-ի անունը հայտնվել է CoreWeave-ի, Nebius-ի և Lambda-ի կողքին։ Հայաստանի համար այս հիշատակումը առանձնահատուկ նշանակություն ունի։ Հրազդանում արդեն գործարկված հաշվարկային հզորությունները և դրանց ընդլայնման ծրագիրը երկիրը դարձնում են արհեստական բանականության համաշխարհային արդյունաբերության ձևավորվող ենթակառուցվածքի մասնակից՝ ստեղծելով տեխնոլոգիական ներդրումներ, գիտական ներուժ և միջազգային բիզնես ներգրավելու նոր հնարավորություններ։ Firebird-ի հայկական նախագիծը ներկայում ներառում է NVIDIA Blackwell B200 շարքի 6 144 գրաֆիկական պրոցեսոր։ Ընկերության հրապարակած տվյալներով՝ ընդլայնման ծրագրով նախատեսվում է ներդնել նաև հաջորդ սերնդի Vera Rubin համակարգեր և Հայաստանում GPU-ների ընդհանուր թիվը հասցնել ավելի քան 70 հազարի։ Խոսքը մեծածավալ ներդրումներ և բարդ տեխնոլոգիական ենթակառուցվածքներ պահանջող արդյունաբերության մասին է։ Ժամանակակից AI համակարգերի ուսուցման և շահագործման համար անհրաժեշտ են հազարավոր բարձր արտադրողական պրոցեսորներ, հսկայական էլեկտրական հզորություններ, հովացման համակարգեր և տվյալների փոխանցման առաջադեմ ցանցեր։ Այդ ենթակառուցվածքներն աստիճանաբար դառնում են համաշխարհային տնտեսության ռազմավարական ակտիվներից։ Հրազդանի նախագիծն արդեն գործնական արդյունքներ ունի։ Օգոստոսի 8-ին NVIDIA-ն սեփական պաշտոնական հարթակում հաստատել է հայկական AI գործարանի գործարկումը՝ այն ներկայացնելով որպես տարածաշրջանի խոշորագույն նախագծերից։ Հոկտեմբերի 12-ին Firebird-ը հաղորդել է նաև NVIDIA Exemplar Cloud կարգավիճակ ստանալու մասին։ Ընկերության տվյալներով՝ տեխնիկական փորձարկումների արդյունքում համակարգը ցուցադրել է NVIDIA-ի սահմանած արտադրողականության չափանիշների առնվազն 99 տոկոսին համապատասխան արդյունք։ Այս հանգամանքը կարևոր է նախագծի տեխնոլոգիական կարողությունները գնահատելու համար։ Բարձրարժեք սարքավորումների ձեռքբերումը ներդրումային գործընթացի ընդամենը բաղադրիչներից է։ Դրանց արդյունավետ շահագործումը պահանջում է համապատասխան ինժեներական կարողություններ, ցանցային համակարգերի ճիշտ կառուցում և անխափան աշխատանք։ Firebird-ի աշխարհագրական ընդլայնումն արդեն ընդգրկում է Ղազախստանը, քննարկվում է նաև Նեպալում նման ենթակառուցվածք ստեղծելու հնարավորությունը։ Հայաստանի համար սա միջազգային տեխնոլոգիական ցանցում իր դիրքերն ամրապնդելու հնարավորություն է։ Հրազդանի հարթակը կարող է ծառայել նաև հայկական համալսարանների, հետազոտական կենտրոնների և տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը՝ պայմանով, որ նրանք ստանան այդ հզորություններից օգտվելու գործնական հնարավորություններ։ Բեռլինում Firebird-ի հիշատակումը ցույց է տալիս նախագծի միջազգային նշանակությունը։ NVIDIA-ի հետ համագործակցությունը, գործարկված ենթակառուցվածքը և հայտարարված ընդլայնման ծավալները լուրջ հիմք են Հայաստանի տեխնոլոգիական հեռանկարների համար։ Առաջիկա վճռորոշ հարցը հրապարակված ծրագրերի իրագործումն է։ Հայաստանն արդեն ունի համաշխարհային AI արդյունաբերության ենթակառուցվածքային շղթային մասնակցելու կարևոր նախադրյալ։ Այժմ անհրաժեշտ է այդ հնարավորությունը վերածել երկարաժամկետ տնտեսական արդյունքի՝ չափելի ներդրումներով, սեփական մասնագիտական ներուժով և միջազգային շուկայում կայուն ներկայությամբ։



