ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը ժամանակավոր կառավարման շրջանում կտրուկ աճ է գրանցել: Այս մասին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից՝ ընդգծելով, որ 2026 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 21-ը ներառյալ ընկերությունը ստացել է 15 057 հայտ, որը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների նույն ժամանակահատվածում գրանցված հայտերի թիվը (2025 թվականին կազմել է 9 030, իսկ 2024-ին՝ 7 578)։ «Այսպիսով, 2026 թվականին նոր միացումների հայտերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 66 տոկոսով, իսկ 2024 թվականի համեմատ՝ գրեթե կրկնապատկվել։ Պահանջարկի աճը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ քաղաքաշինական ակտիվությամբ, նոր բնակելի թաղամասերի ու կառուցապատվող տարածքների էլեկտրամատակարարման ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սպառման ավելացմամբ»,– ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։ Պահանջարկի վրա ազդող գործոններից է նաև բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու վճարների զգալի նվազեցումը։ Ապրիլի 27-ից կիրառվող փոփոխությունների համաձայն՝ նոր բաժանորդների միացման վճարները նվազել են մինչև 40 տոկոսով, իսկ առկա հզորության ավելացման վճարները՝ մինչև 55 տոկոսով, ինչը բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալը դարձրել է ավելի մատչելի՝ ընդլայնելով ցանցին միանալու հնարավորությունները։ Հայտերի թվի շարունակական աճը ավելացնում է բաշխման ցանցի ծանրաբեռնվածությունը և ստեղծում նոր պահանջներ գործող ենթակառուցվածքների զարգացման, արդիականացման ու թողունակության ընդլայնման համար։ Այսպիսով, ՀԷՑ-ն իր առկա տեխնիկական և ենթակառուցվածքային կարողություններով սպասարկում է զգալիորեն ավելի մեծ թվով բաժանորդների։ Սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու՝ հետևողականորեն աճող պահանջարկի պայմաններում ՀԷՑ-ի բաշխման ցանցի և ենթակառուցվածքների արմատական բարեփոխումն ու արդիականացումը հրատապ անհրաժեշտություն է ընթացիկ փուլում նոր բաժանորդների միացումներն արդյունավետորեն իրականացնելու և էլեկտրամատակարարման հուսալիությունը բարձրացնելու համար:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16910

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով