Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը քննվել է Հակակոռուպցիոն դատարանում։ Սեդրակ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել էր օգոստոսի 26-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ օգոստոսի 25-ին հրապարակած հաղորդագրության համաձայն՝ քրեական վարույթը վերաբերում է պետական մի շարք գույքերի օտարման և հետագա գործարքների հանգամանքներին։ Քննչական մարմնի վարկածով՝ գույքերը պետական սեփականությունից դուրս են բերվել և շուկայականից էականորեն ցածր գներով փոխանցվել նախկին նախագահի հետ փոխկապակցված անձանց ու ընկերություններին, իսկ հետագա գործարքներով քողարկվել են դրանց իրական պատկանելությունն ու ենթադրյալ հանցավոր ծագումը։ Հաղորդագրությունում, մասնավորապես, հիշատակվում էին «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոնին, «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրին, «Օրանժ Ֆիտնես» ակումբին և «Տոյոտա Երևան» ընկերությանը վերաբերող գործարքները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16454

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով