Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների հնարավորության մասին հայտարարությամբ խորհրդարանական ընդդիմությանը կանգնեցրեց քաղաքական հոշոտման վտանգի առաջ՝ նրան թողնելով արտախորհրդարանական մրցակիցների ախորժակի դեմ մենակ։ Արտահերթ ընտրությունների հնարավորության մասին նրա խոսքը քաղաքական զգուշացում էր՝ ուղղված առաջին հերթին գործող խորհրդարանի ընդդիմադիր հատվածին։ Նոր Սահմանադրության ճանապարհը փակելու դեպքում նրանք կարող են հայտնվել ընտրական մի մրցապայքարում, որի ամենաանհաշտ մասնակիցները լինելու են իրենց իսկ քաղաքական ճամբարի ներկայացուցիչները։ Քոչարյանի ազատազրկման, Ծառուկյանի քաղաքական հեռանկարների անորոշության և Կարապետյանի արդեն իսկ դրսևորած քաղաքական անպտղության պայմաններում գործող խորհրդարանական ընդդիմության համար ներկայիս ներկայացվածությունը պահպանելը լրջագույն խնդիր է դառնալու։ Սերժ Սարգսյանի հետևորդ ռևանշիստները, Կրեմլի բարեհաճությունից զրկված գործիչներն ու խորհրդարանական մանդատներից դուրս մնացած մյուս հավակնորդները հազիվ թե բաց թողնեն երկու քարի արանքում հայտնված իրենց նախկին դաշնակիցներին հոշոտելու հնարավորությունը։ Հայկական ընդդիմության ներսում սկսվելու է քաղաքական ժառանգության հերթական բաժանումը։ Հին իշխանության տարբեր ճյուղերը կրկին փորձելու են ապացուցել իրենց առաջնության իրավունքը։ Եվ այստեղ Փաշինյանի հաշվարկը բավական պարզ է. խորհրդարանական ընդդիմության յուրաքանչյուր մերժում կարող է վերածվել սեփական քաղաքական գոյությունը վտանգող որոշման։ Սակայն այս պատմության իրական նշանակությունը խորհրդարանական աթոռների վերաբաշխումից շատ ավելի հեռուն է գնում։ Սահմանադրությունը՝ աշխարհաքաղաքական ժամանակացույցի կենտրոնում Հոկտեմբերի 22-ին Փաշինյանն արտահերթ ընտրությունների հնարավորության մասին հայտարարությանը զուգահեռ հստակեցրեց նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման իր պատկերացրած ժամկետը՝ 2027–2028 թվականները։ Այս երկու հայտարարությունները քաղաքականապես փոխկապակցված են։ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, TRIPP ծրագիրը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումը Հայաստանին կանգնեցրել են պատմական վերադասավորման առաջ։ Երկիրը հնարավորություն է ստացել վերանայելու տասնամյակներով ձևավորված իր աշխարհաքաղաքական և տնտեսական կախվածությունները։ Այդ գործընթացի ներքին քաղաքական առանցքում հայտնվել է նոր Սահմանադրությունը։ Բաքուն շարունակում է սահմանադրական հարցը կապել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Փաշինյանի առաջարկած ժամանակացույցի տրամաբանությամբ առաջիկա ամիսներին պետք է հրապարակվի նախագիծը, հաղթահարվի խորհրդարանական փուլը, կազմակերպվի հանրաքվեն, որից հետո հնարավոր կդառնա անցնել խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը։ Գործող խորհրդարանում անհրաժեշտ աջակցությունը չստանալու դեպքում արտահերթ ընտրությունները կարող են դառնալ այդ ժամանակացույցը պահպանելու քաղաքական միջոցը։ Փաշինյանը, փաստորեն, փորձում է նախապես ապահովել սահմանադրական գործընթացի շարունակականությունը՝ խորհրդարանական ընդդիմության համաձայնությամբ կամ ընտրական նոր մանդատով։ Այստեղ, սակայն, պետության համար սկզբունքային խնդիր կա։ Հայաստանի Սահմանադրության բովանդակությունը պետք է որոշվի Հայաստանի ժողովրդի ինքնիշխան կամքով։ Խաղաղության պայմանագրի կնքման հրատապությունը չի կարող փոխարինել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային լիարժեք քննարկմանը։ Երկրի հիմնարար օրենքը գրվում է սերունդների համար։ Դրա լեգիտիմությունը որոշելու է նաև ապագա խաղաղության ամրությունը։ Խորհրդարանական համակարգի հերթական փորձությունը Այս զարգացումները վերակենդանացնում են նաև մի հարց, որը 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ փաստացի զոհաբերվեց Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության հաշվարկին։ Խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանում ծնվեց քաղաքական նպատակահարմարությունից։ Դրան հաջորդած տարիներին երկիրը տեսավ իշխանության հեղափոխական փոփոխություն, խորհրդարանական ճգնաժամեր, պատերազմ և արտահերթ ընտրություններ։ Հիմա նոր Սահմանադրության ընդունման ճանապարհին կրկին շրջանառվում է խորհրդարանի հնարավոր լուծարման հեռանկարը։ Հայաստանի փորձը լուրջ կասկածի տակ է դնում խորհրդարանական կառավարման գործող մոդելի արդյունավետությունը։ Թույլ կուսակցությունները, անձնակենտրոն քաղաքականությունն ու վարչապետի ձեռքում իշխանության կենտրոնացումը խաթարել են խորհրդարանի ինքնուրույնությունը՝ այն աստիճանաբար վերածելով գործադիր իշխանության կամքը հաստատող կառույցի։ Այս պայմաններում նոր Սահմանադրությամբ նույն համակարգի պահպանումը պահանջում է քաղաքական և ինստիտուցիոնալ լուրջ հիմնավորում։ Իսկ ընդդիմության ապագա՞ն։ Առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրումները և հատկապես Երևանի 2028 թվականի ընտրությունները շատ բան կհուշեն։ Դրանք ցույց կտան քաղաքական ուժերի կազմակերպական իրական կարողությունները, նոր դաշինքների ու հավակնությունների ուրվագիծը, ինչպես նաև այսպես կոչված ժողովրդավարական ընդդիմության կենսունակությունը։ Փաշինյանն արտահերթ ընտրությունների հնարավորությունը դարձրել է քաղաքական մեծ վերադասավորման գործիք՝ միաժամանակ հարցականի տակ դնելով գործող ընդդիմության ապագան, խորհրդարանական կառավարման ներկայիս մոդելը և խաղաղության գործընթացի սահմանադրական ճանապարհը։ Փաշինյանի հաշվարկի ելքը մեծապես կախված է ընդդիմության հետագա քայլերից։ Սակայն Հայաստանի համար վճռորոշը քաղաքական այս վերադասավորման արդյունքն է. այն պետք է ամրապնդի պետության ինստիտուտները և ապահովի երկրի երկարաժամկետ կայունությունը՝ բացառելով իշխանության վերարտադրության հերթական սահմանադրական սցենարը։ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, որի ամրությունը կախված չի լինի Փաշինյանի կամ որևէ այլ ղեկավարի քաղաքական ճակատագրից։ Նոր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրն ու վերաձևված խորհրդարանը պատմական ձեռքբերում կարող են դառնալ միայն կայուն պետական ինստիտուտների առկայությամբ։ Հակառակ դեպքում փոխված կլինեն փաստաթղթերն ու դեմքերը, իսկ իշխանության անձնակենտրոն բնույթն ու քաղաքական համակարգի հին արատները կշարունակեն վերարտադրվել։ Դա կլինի ապագային փոխանցվող ամենածանր ժառանգությունը։



