Օդային տագնապի պատճառով Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից տարհանվում են բոլոր ուղևորները։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել օդանավակայանի Telegram ալիքում Երևանի ժամանակով 16։22-ին։ «Կատարվում է ուղևորների տարհանում։ Տվյալ պահին բոլոր տերմինալների «ստերիլ գոտիներ» (խմբ.՝ անվտանգության գոտիներ) մուտքը սահմանափակված է։ Ուղևորներին տեղեկացնելու համար հայտարարություններ են հնչում», – հայտնել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից՝ նշելով, որ օդանավակայանի աշխատակիցներն օգնում են ուղևորներին տեղափոխվել անվտանգ ապաստարաններ։ «Շերեմետևո»-ից հայտնում են, որ այս միջոցառումները ձեռնարկվել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման սպառնալիքի պատճառով։ Օդանավակայանի ղեկավարությունը խնդրել է ուղևորներին հեռու մնալ պատուհաններից, տեղափոխվել տերմինալների ներսում գտնվող փակ տարածքներ և մնալ այնտեղ։ «Թռիչքների ժամանակացույցում հնարավոր են փոփոխություններ», – զգուշացրել են օդանավակայանից։ «Ռոսավիացիա»-ն հայտարարել է, որ Մոսկվայի մարզի բոլոր չորս օդանավակայանները՝ «Շերեմետևո»-ն, «Վնուկովո»-ն, «Դոմոդեդովո»-ն և «Ժուկովսկի»-ն, «փակ են ինչպես ժամանող, այնպես էլ մեկնող ինքնաթիռների համար»։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ վերջին երկու ժամվա ընթացքում խոցվել է դեպի Ռուսաստանի մայրաքաղաք արձակված 17 ԱԹՍ։ Առավոտյան, նա հայտնել էր, որ գիշերվա ընթացքում Մոսկվային մոտեցող 5 ԱԹՍ է խոցվել։



