Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շրջայցը, որի ընթացքում զրուցել է քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու ներկայացրել կառավարության ծրագրերը։ Շրջայցի ընթացքում բնակիչները վարչապետին են դիմել բնակարանային պայմանների, բակերի բարեկարգման, խաղահրապարակների նորոգման, կրթության, զբաղվածության և սոցիալական հարցերով։ Քաղաքացիները ներկայացրել են նաև անհատական դիմումներ ու գույքային վեճերի առնչությամբ մտահոգություններ։ Փաշինյանն անդրադարձել է Աջափնյակի հին բնակելի շենքերի փոխարեն նոր թաղամասեր կառուցելու գաղափարին։ Նա ներկայացրել է ներդրողների և բնակիչների համաձայնությամբ հնարավոր տարբերակներ՝ բնակարանների գնման կամ նորակառույցներում բնակարաններ տրամադրելու, ինչպես նաև շինարարության ընթացքում բնակիչների կեցության հարցը լուծելու վերաբերյալ։ Բակերում շրջելիս վարչապետը քննարկել է խաղահրապարակների պահպանման ու ժամանակին նորոգման հարցերը՝ կարևորելով կառուցված ենթակառուցվածքների երկարաժամկետ շահագործումը։ Քաղաքացիների հետ զրույցներում անդրադարձ է եղել նաև եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին, հասարակական կազմակերպություններին աջակցելու մեխանիզմներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Փաշինյանը կարևորել է խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը։ Շրջայցի ընթացքում վարչապետին ուղեկցել են ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և այլ պաշտոնյաներ։



