TRIPP-ի տնտեսական գինը. ի՞նչ է ներդնում Հայաստանը և ի՞նչ է ստանալու դրա դիմաց

Հայաստանի կառավարությունն անցնում է TRIPP ծրագրի գործնական իրականացմանը։ Հոկտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ խորհրդարանի առաջիկա նստաշրջանում կվավերացվի հայ-ամերիկյան համաձայնագիրը, իսկ Սյունիքում արդեն մեկնարկել են նախագծային աշխատանքները։ Երկաթուղի, ավտոճանապարհներ, էներգետիկ ենթակառուցվածքներ։ Կառավարությունը շտապում է երեք ուղղություններով միաժամանակ։ Այս հայտարարությունների մեջ առանձնանում է վարչապետի ուշագրավ ձևակերպումը։ Հայկական կողմի կատարած աշխատանքները, որպես Հայաստանի ներդրում, կհանձնվեն TRIPP Development Company-ի կառավարմանը։ Հենց այս հանգամանքն է պահանջում առանձին ուսումնասիրություն։ Ի՞նչ է ներդնում Հայաստանը համատեղ ձեռնարկությունում, ինչպե՞ս է գնահատվելու այդ ներդրումը, և ի՞նչ պարտավորություններ է ստանձնում պետությունը երկարաժամկետ պայմանագրով։ Մայիսի 26-ին հրապարակված հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրով նախատեսվում է ստեղծել Հայաստանում գրանցված բաժնետիրական ընկերություն։ Ամերիկյան կողմը կունենա բաժնետոմսերի 74, Հայաստանը՝ 26 տոկոսը։ Ընկերությանը նախատեսվում է տրամադրել զարգացման բացառիկ իրավունքներ 49 տարով՝ փոխադարձ համաձայնությամբ ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Երկարաձգման դեպքում հայկական բաժնեմասը կհասնի 49 տոկոսի։ Սակայն բաժնեմասերի հարաբերակցությունը ներդրումների արժեքի ամբողջական պատկերը չի տալիս։ Հայաստանը ստանձնում է ծրագրի համար անհրաժեշտ հողերի սեփականության և իրավական կարգավիճակի ապահովումը, երրորդ անձանց իրավունքներից դրանց ազատումը՝ կրելով այդ գործընթացների ֆինանսական ծախսերը։ Նախատեսվում է տրամադրել հողօգտագործման և ենթակառուցվածքների զարգացման իրավունքներ։ Այժմ դրանց ավելանում են պետական միջոցներով իրականացվող նախագծային աշխատանքները։ Որքա՞ն կարժենան այդ աշխատանքները։ Ո՞վ և ի՞նչ չափանիշներով է գնահատելու Հայաստանի ներդրումը։ Պետական միջոցներով կատարված բոլոր ծախսերն արդյո՞ք ներառվելու են այդ գնահատման մեջ և համարժեք արտացոլվելու Հայաստանի բաժնեմասում։ Առանց այս տվյալների պարզ չէ, թե Հայաստանի ներդրած միջոցների դիմաց պետությունն ինչ տնտեսական օգուտ և իրավունքներ է ստանալու։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ նախագծային աշխատանքները կմեկնարկեն մինչև համատեղ ընկերության ստեղծումը։ Երկաթուղու երթուղին արդեն հստակեցված է, իսկ ավտոճանապարհների և էլեկտրահաղորդման գծերի նախագծային լուծումները դեռ մշակման փուլում են։ Սակայն դեռ հստակեցված չէ, թե ով է կրելու այդ աշխատանքների ֆինանսական պատասխանատվությունը։ Ո՞վ է հաստատելու նախագծային աշխատանքները, ի՞նչ կարգով են ընտրվելու կապալառուները, և ի՞նչ պայմաններով են պետական միջոցներով մշակված նախագծերը փոխանցվելու համատեղ ընկերությանը։ Այս հարցերն առավել կարևոր են համաձայնագրի երրորդ հոդվածի վեցերորդ կետի համատեքստում, որը նախատեսում է հայկական օրենսդրության առանձին պահանջներից հատուկ շեղումներ՝ ընկերությունների կառավարման, գնումների և պետություն-մասնավոր գործընկերության ոլորտներում։ Դրանց կիրառման պայմանները սահմանվելու են ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետերերի համաձայնագրով։ Հետևաբար անհրաժեշտ է նախապես հստակեցնել պետական միջոցների օգտագործման, որոշումների ընդունման և վերահսկողության կանոնները։ Այս դրույթն առանձնահատուկ ուշադրություն է պահանջում։ Մինչև ֆինանսական պարտավորությունների ստանձնումը պետք է հրապարակվեն պետական միջոցների ծախսման և վերահսկողության կանոնները, աուդիտի լիազորությունները, պայմանագրերի հրապարակայնության պահանջներն ու շահերի բախումը կանխելու երաշխիքները։ Հանրությունը պետք է հստակ պատկերացնի, թե ով և ինչ պատասխանատվությամբ է տնօրինելու Հայաստանի ներդրումը։ Փոխվարչապետի խոսքով՝ ավտոճանապարհների վերջնական երթուղին դեռ որոշված չէ։ Անհրաժեշտ է գնահատել բարդ տեղանքի պայմաններն ու շինարարության ծախսերը՝ տնտեսապես արդյունավետ լուծում ընտրելու համար։ Սա նշանակում է, որ ծրագրի տնտեսական կարևորագույն ցուցանիշներից մի քանիսը դեռ վերջնականացված չեն։ Որքա՞ն է գնահատվում երկաթուղու և ավտոճանապարհների կառուցման ամբողջական արժեքը։ Ի՞նչ ծավալի տարանցիկ բեռնափոխադրումներ են կանխատեսվում։ Ինչպիսի՞ն են լինելու սպասարկման սակագները։ Ի՞նչ եկամուտ է ակնկալում Հայաստանը, և որքա՞ն ժամանակ կպահանջվի ներդրումների վերադարձի համար։ Առանձին ուսումնասիրության է արժանի նաև գործող հայկական երկաթուղային համակարգի հետ TRIPP-ի փոխգործակցությունը։ Նոր երթուղու տնտեսական արդյունավետությունը կախված է երկրի երկաթուղային ցանցին դրա լիարժեք միացումից, սահմանային ենթակառուցվածքների կարողությունից և հարևան պետությունների հետ փոխադրումների համաձայնեցված պայմաններից։ Ծրագրի մրցունակությունը պետք է հիմնավորվի հրապարակային տնտեսական հաշվարկներով, բեռնափոխադրումների կանխատեսվող ծավալներով և ներդրումների վերադարձի հստակ գնահատմամբ։ Մայիսին հրապարակված համաձայնագիրը սահմանում է, որ ընկերության կանոնադրությամբ և բաժնետերերի համաձայնագրով պետք է հստակեցվեն նաև հատուկ համաձայնություն պահանջող որոշումները։ Դրանց թվում են խոշոր ֆինանսական գործարքները, բաժնետոմսերի փոխանցումը, դուստր ընկերությունների ստեղծումը, կոնցեսիոն պայմանները և ազգային անվտանգությանը վերաբերող հարցերը։ Հետևաբար առաջիկա վավերացման գործընթացում խորհրդարանի առջև դրվող խնդիրը բավական ծավալուն է։ Պատգամավորները պետք է պահանջեն ներդրումների գնահատման փաստաթղթերը, նախագծային աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները, պետական պարտավորությունների ամբողջական ցանկը և համատեղ ընկերության կառավարման նախատեսվող պայմանները։ Հանրային քննարկման պետք է ներկայացվեն նաև ծրագրի տնտեսական հաշվարկները, ֆինանսական պարտավորություններն ու իրավական պայմանները։ Դրանց հրապարակումը թույլ կտա գնահատել Հայաստանի ստանձնած պարտավորությունների ծավալը և ծրագրի երկարաժամկետ շահավետությունը։ TRIPP-ը Հայաստանի համար ռազմավարական նշանակության ծրագիր է։ Այն կարող է փոխել երկրի տարանցիկ դիրքը, ընդլայնել արտաքին տնտեսական կապերը և մեծացնել Հայաստանի դերը տարածաշրջանային հաղորդակցության համակարգում։ Այդ հեռանկարն առավել ևս պարտավորեցնում է կառավարությանը հրապարակել գործարքի բոլոր էական պայմանները։ 49 տարվա պայմանագիրը կարող է որոշել Հայաստանի տնտեսական հնարավորությունները մի քանի սերունդների համար։ Դրա գինը պետք է հաշվարկվի և հայտնի դառնա այսօր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16590

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով