Կյանքի 87-րդ տարում մահացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը։ Այս մասին համացանցում արված գրառմամբ հայտնել է նրա դուստրը՝ լրագրող Իրինա Աբրոյանը։ «Երեկ մահացավ հայրս՝ Հայաստանի վաստակավոր նկարիչը, համամիութենական և միջազգային մրցույթների դափնեկիրը, երկրի ամենահայտնի երգիծանկարիչը, ուշագրավ մարդ՝ նուրբ, նրբանկատ, համեստ, շատ իրոնիկ և ուրախ։ Կարող էի անվերջ շարունակել, քանի որ նա բազմակողմանի տաղանդ ուներ՝ անիմատոր, դերասան, ծաղրանկարիչ, «Ոզնի» երգիծական ամսագրի գլխավոր նկարիչ, գրքերի դիզայներ, մարդ, որը ոսկե մեդալներ է նվաճել իր երկրի համար և բազմաթիվ մրցանակներ արտերկրում։ Նա մահացավ անաղմուկ, ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ նրան ասացին, որ թերթը, որին նա նվիրել էր իր կյանքի երկար տարիները, երբ այն «Կոմունիստ» էր (այժմ՝ «Հայաստանի ձայն»), այլևս իր ծառայությունների կարիքը չունի։ Խորհրդանշականորեն… Հանգչիր խաղաղությամբ, վարպետ, հայկական ծաղրանկարչության վարպետ, ծաղրանկարչություն, որն այսօր հայտնի և գնահատված է ամբողջ աշխարհում նաև շնորհիվ քո հմտության և փայլուն հումորի։ Դու ապրում ես և կապրես քո երեխաների, թոռների և ծոռների մեջ, որոնցով հիանում էիր, որոնց սիրում էիր։ Եվ, իհարկե, քո աշխատանքներում, որոնք բացահայտեցին աշխարհի և մարդկանց բոլոր արատները՝ ծիծաղեցնելով և ուրախացնելով բոլոր նրանց, ովքեր տեսել էին դրանք։ Ես սիրում եմ քեզ….»,-գրել է Իրինա Աբրոյանը։ Վլադիմիր Աբրոյանի ինքնակենսագրությունը, դիմանկարն ու երգիծանկարներից յոթը զետեղված են Թուրինի Հումորի միջազգային կենտրոնի «Ծաղրանկարի միջազգային հանրագիտարանում»։ Նրա աշխատանքները տեղ են գտել նաև Գաբրովոյի «Ծաղրանկարի համաշխարհային անթոլոգիայում»։ Աբրոյանը երկար տարիներ աշխատակցել է «Ոզնի» երգիծաթերթին, մասնակցել է ցուցահանդեսների Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Բրազիլիայում, Կուբայում, Հոլանդիայում։ Նրա աշխատանքները տպագրվել են «Ոզնի» ամսագրում, «Կոմունիստ», «Սովետական Հայաստան» թերթերում, ինչպես նաև՝ նախկին ԽՍՀՄ-ի մի շարք ամսագրերում ու թերթերում, այդ թվում՝ «Կրոկոդիլը», «Նեդելյան», «Օգոնյոկը», «Սմենան», «Սովետսկի սոյուզը», Moscow News-ը, «Լիտերատուրնայա գազետան», «Սովետսկի սպորտը», «Ֆուտբոլը», նաև ԳԴՀ-ի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Լիբանանի ամսագրերը։ «Ինձ համար կարևորն այն է, որ աշխարհն իմանա, որ կա Հայաստանի նման երկիր, որտեղ դեռ կան լավ նկարիչներ։ Հենց այդ պատճառով վերջին տարիներին (անկախ տեղական մամուլում ակտիվ աշխատանքից) փորձում եմ իմ արվեստն ուղղել նաև դեպի միջազգային մրցույթներ։ Սա «ինքդ քեզ գերազանցելու», աշխատանքի և ընդհանրապես ստեղծագործության որակը բարձրացնելու հնարավորություն է տալիս»,-ասել է Վլադիմիր Աբրոյանը։



