Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին տարաձայնությունները նորից աշխուժացրել են նրանց ռազմավարական դաշինքի ամրության շուրջ քննարկումները՝ հաճախ անտեսելով այդ հարաբերությունների խորքային բնույթն ու դրանց վրա արտաքին ուժերի ազդեցության հնարավորությունը։ Մի մասը դրանում դաշինքի խորացող ճգնաժամի նախանշաններ է տեսնում, մյուսները թերագնահատում են տարաձայնությունների խորությունն ու հնարավոր հետևանքները։ Սակայն երկու գնահատականն էլ անտեսում են մի կարևոր հանգամանք. դաշնակիցների միջև առաջացած անգամ ժամանակավոր հակասությունները երրորդ ուժի հետևողական միջամտությամբ կարող են վերածվել երկարատև ճգնաժամի և փոխել տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը։ Անկարայի և Բաքվի ռազմավարական դաշինքի ներսում միշտ էլ գոյություն են ունեցել շահերի տարբերություններ, որոնք ժամանակ առ ժամանակ վերածվել են քաղաքական հակասությունների։ Այդ հակասություններն ի հայտ են եկել դեռ 1990-ականներին, սրվել 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունների շուրջ և այսօր նոր խորություն են ստանում տարածաշրջանում Անկարայի ու Բաքվի աճող հավակնությունների պայմաններում։ Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ևս պարբերաբար սրվում են, սակայն երկու երկրներին շարունակում են կապել քաղաքական, տնտեսական և անվտանգային խորքային շահեր։ Միջպետական հարաբերություններում անգամ ամենասերտ դաշինքները զերծ չեն շահերի բախումից։ Յուրաքանչյուր դաշնակից ունի սեփական շահերն ու հավակնությունները։ Նույնիսկ ամենասերտ գործընկերների միջև կարող են լուրջ տարաձայնություններ առաջանալ, հատկապես երբ երկուսն էլ ձգտում են ինքնուրույն դերակատարություն ունենալ տարածաշրջանում։ Միջպետական հակասությունների հետագա ընթացքը, սակայն, հաճախ կախված է նաև արտաքին ազդեցությունից։ Դրանք կարող են արագ հարթվել կամ վերածվել երկարատև անվստահության։ Այստեղ էական դեր կարող են ունենալ երրորդ երկրները՝ իրենց քաղաքական կապերով, տնտեսական լծակներով և հետևողական ռազմավարությամբ։ Արտաքին ուժը կարող է օգտվել արդեն գոյություն ունեցող հակասություններից՝ հասկանալով դրանց խորքային պատճառները և ճիշտ պահին կողմերից մեկին առաջարկելով նոր հնարավորություններ, որոնք աստիճանաբար փոխում են նրա ռազմավարական հաշվարկները։ Թուրք-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր զարգացումները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել երկու երկրներին միավորող ռազմավարական շահերի խորությունը։ Էներգետիկ, ռազմական և տրանսպորտային համագործակցությունը, թյուրքական աշխարհում ազդեցությունն ընդլայնելու ընդհանուր ձգտումն ու անվտանգային փոխադարձ պարտավորությունները դաշինքի ամուր հիմքն են։ Այդ փոխկապակցվածությունն ամրագրված է նաև 2021 թվականի Շուշիի հռչակագրով։ Միաժամանակ Բաքուն ձգտում է ընդլայնել արտաքին քաղաքական ինքնուրույնությունը։ Իսրայելի հետ ռազմավարական կապերը, Ռուսաստանի հետ հարաբերությունները և Կենտրոնական Ասիայում ազդեցությունն ամրապնդելու հավակնությունները երբեմն բախվում են Անկարայի շահերին։ Հոկտեմբերին ի հայտ եկած տարաձայնություններն այդ խորքային հակասությունների հերթական դրսևորումն են։ Այս հակասությունների հետագա ընթացքի վրա կարող են էապես ազդել նաև արտաքին ուժերը։ Դաշինքի ամրությունը կախված է դրա մասնակիցների ռազմավարական շահերից։ Այդ հաշվարկները կարող են փոխվել նոր ներդրումների, անվտանգային երաշխիքների, այլընտրանքային շուկաների և քաղաքական երկարաժամկետ համագործակցության ազդեցությամբ։ Միջազգային քաղաքականության մեջ տարիներով ձևավորված տնտեսական կապերը հաճախ ավելի մեծ կշիռ ունեն, քան հրապարակային դիվանագիտական ճնշումը։ Երրորդ ուժի համար ռազմավարական հաջողություն կարող է լինել նաև դաշնակիցներից մեկի դիրքորոշման փոփոխությունը, նրանց համատեղ ծրագրերի խափանումը կամ բանակցություններում նոր առավելության ձեռքբերումը։ Երբեմն դրան հասնելու համար բավական է խորացնել կողմերի միջև արդեն գոյություն ունեցող անվստահությունը։ Այս զարգացումները Հայաստանի համար դիվանագիտական նոր հնարավորություններ են ստեղծում։ Երևանը տասնամյակներ շարունակ իր քաղաքական հույսերը կապել է մեծ տերությունների և հարևանների միջև հարաբերությունների վատթարացման հետ։ Ռուս-թուրքական լարվածությունը, Անկարայի և Բաքվի տարաձայնությունները, Արևմուտքի ու Ռուսաստանի առճակատումը մշտապես Հայաստանի շահերի համար նպաստավոր զարգացումներ են համարվել։ Սակայն ուրիշների հակասությունների վրա հույս դնող պետությունը սեփական ապագան թողնում է նրանց որոշումների հայեցողությանը։ Նպաստավոր հանգամանքները քաղաքական արդյունքի վերածելու համար անհրաժեշտ են սեփական օրակարգ, հստակ հաշվարկ և հետևողական դիվանագիտություն։ Հայաստանն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների, տարանցիկ ենթակառուցվածքների, էներգետիկ և տնտեսական համագործակցության սեփական օրակարգը։ Դրա շուրջ ձևավորված փոխադարձ շահերը կարող են աստիճանաբար փոխել հարևանների քաղաքական հաշվարկները։ Այդ նպատակով Երևանին անհրաժեշտ է հետևողական աշխատանք տարածաշրջանի քաղաքական, գործարար և ազդեցիկ շրջանակների հետ՝ ձևավորելով երկարաժամկետ կապեր ու համագործակցության նոր հնարավորություններ։ Անկարայի և Բաքվի հնարավոր պառակտման վրա խաղադրույք կատարելը քաղաքական անհեռատեսություն կլինի։ Նրանց միջև առկա տարաձայնություններն անտեսելը՝ նույնքան անարդյունավետ։ Հայկական դիվանագիտությունը պարտավոր է տեսնել այդ հակասությունների իրական խորությունը, ճանաչել դրանց վրա ազդող ուժերին և սեփական հնարավորությունները գնահատել առանց պատրանքների։ Ի վերջո, դաշինքների ճակատագիրը որոշվում է շահերի հարաբերակցությամբ։ Սակայն այդ հարաբերակցությունն անփոփոխ մեծություն չէ։ Հմուտ արտաքին քաղաքականությունը կարող է փոխել դրա տնտեսական, անվտանգային և քաղաքական բաղադրիչները։ Պատմության մեջ բազմաթիվ դաշինքներ դիմացել են ծանրագույն փորձություններին։ Ոմանք էլ տարիներով ներսից մաշվել են՝ արտաքին խաղացողների հետևողական աշխատանքի հետևանքով։ Անգամ ամենաամուր դաշինքի ներսում առաջացած ճեղքը Հայաստանի համար արժեք կունենա այնքանով, որքանով Երևանը կկարողանա այն վերածել սեփական շահերին ծառայող քաղաքական արդյունքի։ Դրա համար անհրաժեշտ են ռազմավարական մտածողություն, հետևողական դիվանագիտություն և որոշումներ կայացնելու քաղաքական կամք։



