BMW-ն առաջին անգամ հանրային ցուցադրության ընթացքում ներկայացրել է իր նոր էլեկտրական «iX5»-ի արագ լիցքավորման հնարավորությունները։ Հարավային Կալիֆոռնիայում անցկացված միջոցառման ժամանակ մեքենայի լիցքավորման առավելագույն հզորությունը հասել է 464 կՎտ-ի՝ նույնիսկ գերազանցելով BMW-ի հայտարարած 460 կՎտ ցուցանիշը։ BMW-ի նոր էլեկտրական մեքենաները հիմնված են վեցերորդ սերնդի՝ Gen6 eDrive համակարգի վրա, որն օգտագործում է 800-վոլտանոց տեխնոլոգիա։ Ընկերության տվյալներով՝ նախորդ՝ Gen5 համակարգի համեմատ, այն ապահովում է մինչև 30%-ով ավելի մեծ ընթացքի պաշար և ավելի արագ լիցքավորում։ BMW-ի հայտարարության համաձայն՝ iX5 60 xDrive-ը 10 րոպեում կարող է համալրել մինչև 170 մղոն (մոտ 274 կմ) ընթացքի համար բավարար էներգիայի պաշար։ 144 կՎտժ տարողությամբ մարտկոցը 10%-ից մինչև 80% լիցքավորելու համար անհրաժեշտ է ընդամենը 22 րոպե։ Նոր iX5-ն ունի երկու էլեկտրաշարժիչով լիաքարշակ համակարգ, որի ընդհանուր հզորությունը 578 ձիաուժ է (425 կՎտ), իսկ պտտող մոմենտը՝ 593 ֆունտ-ֆուտ։ Ընկերության տվյալներով՝ այն կլինի ԱՄՆ-ում արտադրվող BMW-ի առաջին ամբողջությամբ էլեկտրական մեքենան։



