Եվրամիության համար ամենամեծ սպառնալիքը գուցե ոչ թե Ռուսաստանի ագրեսիան է, Չինաստանի արտահանումը կամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, այլ վտանգը, որը հասունանում է հենց Միության ներսում։ Այս սցենարն օրեցօր ավելի իրատեսական է դառնում։ Իսպանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և Գերմանիայի մի շարք երկրամասերում սպասվող ընտրություններին ընդառաջ ուժեղանում են ոչ լիբերալ և ազգայնական քաղաքական ուժերը։ Եթե այդ կուսակցությունները գան իշխանության, կարող են ներսից խարխլել Եվրամիությունը՝ թուլացնելով նրա հիմնարար արժեքներն ու խոչընդոտելով համատեղ որոշումների ընդունմանը։ Եվրոպական ինտեգրման ներկայիս՝ լիբերալ-ժողովրդավարական մոդելի կողմնակիցները պետք է գիտակցեն հասունացող վտանգի լրջությունը և պատրաստ լինեն դիմակայելու դրան քաղաքական նոր ռազմավարություններով ու ինստիտուցիոնալ լուծումներով։ Տասնամյակներ շարունակ եվրոպական ինտեգրումը հիմնվել է այն համոզմունքի վրա, որ, չնայած պարբերաբար ծագող ճգնաժամերին, անդամ պետությունները հավատարիմ են Եվրամիության պահպանմանն ու հաջողությանը։ Այսօր այդ ենթադրությունն այլևս չի համապատասխանում իրականությանը։ Հակաեվրոպական ուժերն արդեն վիճարկում են ոչ միայն Եվրամիության առանձին քաղաքականությունները, այլև եվրոպական ինտեգրման բուն տրամաբանությունը՝ ինքնիշխանության համատեղ իրականացումից մինչև միասնական կանոնների կիրառումը։ Սակայն Եվրամիությունը կազմալուծելու կամ դրանից դուրս գալու ուղղակի պահանջների փոխարեն եվրոպական ծայրահեղ աջերն ու պոպուլիստներն այժմ որդեգրել են այլ մոտեցում։ Նրանց նպատակն է Եվրամիությանը զրկել քաղաքական ազդեցության լծակներից՝ թուլացնելով վերազգային ինստիտուտները, վերականգնելով ազգային ինքնիշխանության գերակայությունը և ընդլայնելով վետոյի կիրառման հնարավորությունները։ Այդպիսի վերափոխման հետևանքով Եվրամիությունը կվերածվի ազգային կառավարությունների միջև սակարկությունների հարթակի։ Դրա խոսուն օրինակն է գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, որը վերջերս Եվրոպական խորհրդարանում ներկայացրել է իր «Նոր համաձայնագիր Եվրոպայի համար» նախաձեռնությունը։ Այդ ծրագրով առաջարկվում է վերացնել քաղաքացիների անմիջական քվեարկությամբ ընտրվող Եվրոպական խորհրդարանը և այն փոխարինել ազգային խորհրդարանների կողմից նշանակվող պատվիրակներից կազմված մարմնով։ AfD-ն առաջարկում է նաև էապես սահմանափակել Եվրոպական հանձնաժողովի լիազորությունները, նեղացնել Եվրամիության իրավունքի գերակայության կիրառման շրջանակը, Եվրոպական միության արդարադատության դատարանը վերածել միջկառավարական արբիտրաժային մարմնի և Գերմանիային հնարավորություն տալ հրաժարվելու Եվրամիության միասնական քաղաքականություններից։ Նմանատիպ գաղափարներ էր առաջ քաշել նաև Հունգարիայի Mathias Corvinus Collegium վերլուծական կենտրոնը, որը ֆինանսավորվել էր Վիկտոր Օրբանի կառավարության կողմից՝ մինչև վերջինիս իշխանությունից հեռանալը, և հետագայում կազմալուծվել էր։ Անցյալ տարի կենտրոնն առաջարկել էր լուծարել Եվրամիությունն ու դրա փոխարեն ստեղծել միջկառավարական նոր կառույց՝ «Եվրոպական տնտեսական միություն»։ Եթե այս ռազմավարություններն իրականացվեն, ապա Եվրամիությունը, ինչպիսին մենք ճանաչում ենք այսօր, կդադարի գոյություն ունենալուց։ Վտանգի տակ կհայտնվեն եվրոպական ինտեգրման կարևորագույն ձեռքբերումները՝ միասնական շուկան, ընդհանուր արժույթը, ազատ տեղաշարժը, անկախ ինստիտուտները, ինչպես նաև քաղաքացիների, բիզնեսի և հիմնարար իրավունքների պաշտպանության միասնական իրավական երաշխիքները։ Եվրոպան կկորցնի անվտանգության ապահովման, տնտեսական բարեկեցության պահպանման և ընդհանուր մարտահրավերներին արձագանքելու իր հավաքական կարողությունը։ Մշտական փոփոխություններով բնորոշվող մեր դարաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դիմակայությունը, տնտեսական անորոշությունը, տեխնոլոգիական հեղաբեկումներն ու ժողովրդավարական հետընթացը դարձել են առօրյա իրականություն, կաթվածահար Եվրամիությունը եվրոպացիներին կդարձնի ավելի խոցելի և կսահմանափակի սեփական ապագան կերտելու նրանց հնարավորությունները։ Հետևաբար անհրաժեշտ է դուրս գալ Եվրամիության ներկայիս ինստիտուցիոնալ շրջանակի սահմաններից և մտածել այն մասին, թե ինչպիսին կարող է լինել այն ապագան, որը ես անվանում եմ «EUrope»։ Այս հասկացությունն ընդգրկում է ոչ միայն Եվրամիությունը, այլև ամբողջ եվրոպական մայրցամաքը և համագործակցության հնարավոր այլընտրանքային ձևաչափերը։ «EUrope»-ը պարզապես աշխարհագրական կամ ինստիտուցիոնալ բնորոշում չէ։ Այն արտահայտում է եվրոպական ինտեգրման ինքնատիպությունը պահպանելու և զարգացնելու ձգտումը՝ ինքնիշխան ժողովրդավարական պետություններ, որոնք համատեղ իրականացնում են իշխանության որոշ լիազորություններ, առաջնորդվում ընդհանուր կանոններով և միասին կերտում իրենց ապագան։ Այս տեսլականը ենթադրում է ավելի գործուն, ճգնաժամերին դիմակայելու և ապագայի մարտահրավերներին պատրաստ Եվրոպա, որը պաշտպանում է իր քաղաքացիներին, ներդրումներ կատարում հանրային նշանակության ընդհանուր բարիքների ստեղծման մեջ և հետևողականորեն պաշտպանում եվրոպական շահերն ու արժեքները։ Այդ տեսլականն իրականացնելու առաջին քայլը գործող Եվրամիության պաշտպանությունն ու բարեփոխումն է։ Դրա համար անհրաժեշտ է ամրապնդել Միության հիմնարար արժեքներն ու ինստիտուտները ներքին սպառնալիքներից պաշտպանելու կարողությունը։ Եվրամիությունը պետք է ունենա առավել արդյունավետ մեխանիզմներ, այդ թվում՝ ֆինանսական աջակցության տրամադրումը որոշակի պայմանների հետ ավելի խստորեն կապելու գործիքներ, որպեսզի կարողանա արձագանքել անդամ պետությունների կողմից իր ժողովրդավարական և վերազգային հիմքերը համակարգված կերպով խարխլելու փորձերին։ Զուգահեռաբար անհրաժեշտ է, որ եվրոպական ինտեգրումը խորացնելու պատրաստ պետությունները կարողանան ձևավորել կամավորների կոալիցիա և համատեղ առաջ շարժվել՝ նախընտրելիորեն Եվրամիության գործող համակարգի ներսում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև դրանից դուրս։ Ավելի ու ավելի տարաբնույթ դարձող Եվրամիությունում միասնականությունը չի կարող նշանակել միօրինակություն։ Եվրամիության հիմնադիր պայմանագրերն արդեն նախատեսում են «ընդլայնված համագործակցության» մեխանիզմ, որը թույլ է տալիս առնվազն ինը անդամ պետությունների ավելի խոր ինտեգրման ծրագրեր իրականացնել։ Դրան պատրաստ կառավարությունները պետք է շատ ավելի համարձակորեն օգտվեն այս հնարավորությունից և, որտեղ իրավական առումով թույլատրելի է, նույնիսկ մեկ քայլ առաջ գնան՝ պարտավորվելով իրենց միջև որոշումներն ընդունել մեծամասնության սկզբունքով, այլ ոչ թե թույլ տալ, որ առանձին պետություններ արգելափակեն հավաքական գործողությունները։ Այն դեպքերում, երբ գործող մեխանիզմները բավարար չեն, համագործակցության պատրաստ պետությունները կարող են ստիպված լինել համատեղ նախաձեռնություններ իրականացնել Եվրամիության ինստիտուցիոնալ շրջանակից դուրս։ Սակայն նման պայմանավորվածությունները պետք է բացառիկ բնույթ կրեն, բաց լինեն մյուս երկրների մասնակցության համար, համապատասխանեն Եվրամիության իրավունքին, լինեն թափանցիկ, ենթակա ժողովրդավարական վերահսկողության և միտված լինեն հետագայում Եվրամիության համակարգում ներառվելուն։ Դրանք պետք է ամրապնդեն վերազգային ինտեգրումը, այլ ոչ թե ամրագրեն միջկառավարական սակարկությունների տրամաբանությունը, ինչպես առաջարկում են հակաեվրոպական ուժերը։ Իսկ եթե ոչ լիբերալ և ազգայնական ուժերին հաջողվի Եվրամիությունն այն աստիճանի կաթվածահար անել, որ էական բարեփոխումները կամ ինտեգրման հետագա խորացումն անհնար դառնան, եվրոպամետ ուժերը գուցե ստիպված լինեն քննարկել նոր վերազգային միավորում ստեղծելու հնարավորությունը։ Այդ կառույցում կարող են ընդգրկվել համագործակցության պատրաստ ինչպես Եվրամիության անդամ, այնպես էլ, հնարավոր է, ոչ անդամ պետություններ։ Անշուշտ, նման ծայրահեղ քայլը պետք է դիտարկվի միայն որպես վերջին միջոց։ Դրա հետ կապված ռիսկերը զգալի կլինեն՝ Եվրոպայի ներսում բաժանարար գծերի խորացումից մինչև ինստիտուտների հետագա թուլացում։ Սակայն այդ վտանգները պետք է համադրվեն մեկ այլ՝ հնարավոր է շատ ավելի լուրջ սպառնալիքի հետ. Եվրամիությունը կարող է հիմնավորապես կորցնել եվրոպական ինտեգրումը պաշտպանելու և առաջ մղելու իր կարողությունը։ Նման ապագային պատրաստվելը պահանջում է քաղաքական գործելու իրական կարողություն։ Վերլուծական կենտրոնները, անկախ լրատվամիջոցները, հիմնադրամները, գործարար շրջանակներն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պետք է ձևավորեն ավելի ամուր, փոխկապակցված և կազմակերպված եվրոպամետ լիբերալ-ժողովրդավարական միջավայր։ Այս ուժերը պետք է սովորեն ոչ լիբերալ շարժումների երկարաժամկետ ռազմավարություններից և կազմակերպական կարողություններից՝ առանց ընդօրինակելու նրանց մեթոդները կամ զիջելու ժողովրդավարական սկզբունքները։ Նման միջավայրի նպատակը պետք է լինի Եվրոպայի ապագայի համոզիչ տեսլականների մշակումը, հանրային լայն քննարկումների խթանումը, ինտեգրման խորացման նոր հնարավորությունների բացահայտումը և գործուն այլընտրանքների նախապատրաստումը՝ այն դեպքի համար, երբ Եվրամիության ներկայիս համակարգի անկարողությունը գնալով ավելի խորանա։ Եվրամիության վերազգային հիմքերը թուլացնելու ձգտող ուժերն արդեն մշակում են իրենց արմատական ծրագրերը։ Դրանցից մեկն էլ AfD-ի առաջարկած «Նոր համաձայնագիրն» է։ Եվրոպամետ ուժերն իրենց չեն կարող թույլ տալ զիջել նրանց երևակայության, վճռականության կամ պատրաստվածության հարցում։ Եվրոպայի ապագան չի կարելի թողնել նրանց ձեռքում, ովքեր առաջնորդվում են ինտեգրման ձեռքբերումները հետ շրջելու մտասևեռմամբ։ Անհրաժեշտ է ոչ միայն պաշտպանել արդեն ձեռք բերվածը, այլև պատկերացնել և նախապատրաստել դրա հետագա զարգացումը։ ՝ հենց դրանից խուսափելու համար։ Project Syndicate Հեղինակը Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի (European Policy Centre) գլխավոր գործադիր տնօրենի տեղակալն է և հետազոտությունների տնօրենը։



