Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների խոսնակ Յահյա Սարին հայտնել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանի վրա «ճշգրիտ» հարված հասցնելու մասին։ Այս մասին խոսնակը հայտնել է X-ի գրառման մեջ։ «Մեր զինված ուժերը հաջողությամբ բալիստիկ հրթիռով թիրախավորեցին թշնամի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում գտնվող «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանը։Նրանք նաև հաջողությամբ մի շարք անօդաչու թռչող սարքերով գործողություն իրականացրին արևելքում և արևմուտքում գտնվող հում նավթի պոմպակայանների ուղղությամբ»,- նշվել է գրառման մեջ։ Մեկ այլ գրառման մեջ խոսնակը նշել է, որ Եմենի զինված ուժերը բալիստիկ հրթիռներով երկու ռազմական գործողություն են իրականացրել Ադենի նահանգի Սալահ ադ-Դին շրջանում և Լահջ նահանգի ալ-Վահաթ շրջանում՝ թիրախավորելով սաուդական զորքերի հավաքատեղիներն ու զենքի պահեստները: Ըստ խոսնակի՝ հարվածների հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ են արձանագրվել, ոչնչացվել և այրվել են մի շարք տրանսպորտային միջոցներ և զենքի պահեստներ: Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային 24 ժամվա ընթացքում Եմենի տարբեր նահանգներում առնվազն 56 ավիահարված հասցնելու մեջ։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին իր հերթին X-ի գրառման մեջ հայտարարել է, որ կոալիցիայի ուժերը ոչնչացրել են հութիների կողմից բալիստիկ հրթիռներ պահելու համար օգտագործվող հինգ թունել և բալիստիկ հրթիռներ արձակելու համար օգտագործվող չորս հարթակ։ Նա նաև հայտարարել է հրթիռային պահեստի վրա հարձակման մասին և նշել, որ «հիմնական ուշադրությունը կենտրոնացված է հութի զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքների միջև մատակարարման ուղիները կտրելու վրա»։



