Հայաստանում քաղաքաշինության և կենսաբազմազանության փոխկապակցվածության հարցերը քննարկվել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։ Ինչպես տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Հայաստանի տաղավարում կազմակերպված «Քաղաքաշինական ընթացակարգեր» խորագրով նիստի ընթացքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը և ճարտարապետության վարչության պետ Լևոն Առաքելյանը հանդես են եկել զեկույցներով։ Նրանք անդրադարձել են տարածական ինտեգրված պլանավորմանը՝ կենսաբազմազանության պահպանման և հողօգտագործման փոփոխությունները կառավարելու տեսանկյունից, ներկայացրել գոտևորման նախագծերում և գլխավոր հատակագծերում էկոլոգիական պարտադիր շերտերը ներառելու նպատակը։ Շեշտադրվել է կենսաբազմազանության հարցերը դեռևս քաղաքաշինական պլանավորման փուլում դիտարկելու կարևորությունը։ Այնուհետև անցկացվել է պանելային քննարկում, որին մասնակցել է նաև ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի (Հաբիթաթ) միջտարածաշրջանային խորհրդական Կատյա Շեֆերը։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման, արհեստական բանականության գործիքների կիրառման հեռանկարները, ՄԱԿ-ի Հաբիթաթի հետ համատեղ իրականացվող ծրագրերը։ Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի հետ համագործակցությամբ կազմակերպվել է ևս մեկ պանելային քննարկում՝ նվիրված կենսաբազմազանության կորստի և կլիմայի փոփոխության դեմ համատեղ պայքարում քաղաքների և տեղական ինքնակառավարման մարմինների առանցքային դերին։ Զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ի Հաբիթաթի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրֆան Ալին։ Պանելային քննարկման ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը ներկայացրել է կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերը, ընդգծել Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի, ինչպես նաև ՀՀ տարաբնակեցման և տարածքի կազմակերպման գլխավոր նախագծի մշակման կարևորությունը։ Քննարկման մասնակիցները կարևորել են տարածքային պլանավորման, բնակարանային ապահովման, բազմամակարդակ կառավարման, ֆինանսավորման և տվյալների կիրառման միջոցով բնապահպանական, կլիմայական և հողային ռեսուրսների վերականգնման նպատակների համատեղ իրականացումը։



