Երևանում քննարկվում է Հարավային Կովկասը Վրաստանով Եվրոպայի հետ կապելու հարցը. Կոբախիձե

Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում քննարկվել է Վրաստանի միջոցով Հարավային Կովկասի տարածաշրջանի և Եվրոպայի կապերի հարցերը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ միջոցառման շրջանակում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Մենք ապահովում ենք 7 երկրների կապը Սև ծովի և Արևմուտքի հետ։ Այս թեման արծարծվելու է քննարկումների և կլոր սեղանների ընթացքում, քանի որ Վրաստանը, որպես Եվրոպայի համար տարանցիկ օղակ, կարևոր դեր է խաղում», – նշել է նա։ Կոբախիձեն մասնակցել է «Կապակցման ամրապնդումը և տնտեսական անվտանգությունը» կլոր սեղանին, որի ընթացքում կարևորել է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ինտեգրման ապահովման հարցում Վրաստանի դերը, ինչպես նաև ներկայացրել է իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը։ Դրանց թվում Բաքու–Թբիլիսի-Կարս երկաթուղին է, արագընթաց ավտոմայրուղիների զարգացումը և խորաջուր Անակլիա նավահանգստի նախագիծը։ Վարչապետը նաև կարևորել է տրանսպորտային և էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացումը՝ առանձնացնելով Հարավային գազային միջանցքի և Սև ծովի հատակով ստորջրյա մալուխի նախագծերը: Նրա խոսքով՝ կապակցման զարգացումը մնում է երկարաժամկետ կայունության առանցքային պայման, և Վրաստանը պատրաստ է միջազգային գործընկերների հետ հետագա համագործակցության: Գագաթնաժողովի շրջանակներում Կոբախիձեն նաև կարճատև հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով