Ե՞րբ աղոթքը պետք է դառնա դիվանագիտություն

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը արձագանքել է Շուշիից տարածված տեսանյութերին, որոնցում օտարերկրյա հյուրերի ներկայությամբ հայկական եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները ներկայացվում են որպես «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն։ Կաթողիկոսը կատարվածն անվանել է պատմության «ահավոր խեղաթյուրում» և զգուշացրել, որ խաղաղության «կեղծ շպարի» հետևում Հայաստանի այլ հատվածներ չպետք է արժանանան Շուշիի ճակատագրին։ Արամ Ա-ի ընդվզման հետ դժվար է չհամաձայնել։ Երբ հայկական միջնադարյան ժառանգությունը միջազգային լսարանի առջև հետևողականորեն վերագրվում է մեկ այլ պատմության, խնդիրը վաղուց այլևս միայն անցյալի մասին չէ, այլ պատմական ներկայության հետքը վերաձ եւակերպելու քաղաքականության։ Բայց այստեղ մի անհարմար հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է արել Հայ եկեղեցին այս տարիներին, որպեսզի Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանությունը միջազգային քրիստոնեական օրակարգի հարց դառնա։ Արցախի հայաթափումից հետո վտանգված եկեղեցիների խնդիրը վաղուց պետք է դուրս եկած լիներ հայկական ներքին բանավեճի սահմաններից։ Եթե Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի հայկական պատկանելությունը հաստատվում է արձանագրություններով, ճարտարապետությամբ և պատմագիտական հսկայական ժառանգությամբ, ապա դրանց պաշտպանությունը միայն Հայաստանի կառավարության կամ պատմաբանների գործը չէ։ Հայ առաքելական եկեղեցին այստեղ ունի մի գործիք, որը պետությունը չունի՝ քրիստոնեական աշխարհի հետ դարավոր հարաբերությունների ցանցը ։ Որտե՞ղ են այդ ցանցի արդյունքները։ Ինչո՞ւ մինչև այսօր չենք տեսել համատեղ, բարձր մակարդակի հայտարարություններ Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության, Անգլիկան եկեղեցու, եվրոպական խոշոր եկեղեցիների և միջազգային էկումենիկ կառույցների հետ։ Ինչո՞ւ Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի և Արցախի հայկական մյուս սրբավայրերի ճակատագիրը չի դարձել քրիստոնեական աշխարհի մշտական օրակարգի հարց։ Արամ Ա կաթողիկոսն ինքն էլ տասնամյակներ շարունակ միջազգային էկումենիկ շարժման ամենաճանաչված հայ հոգևորականներից է։ Հետևաբար նրա խոսքը կարող է և պետք է շատ ավելի հեռու հասնի, քան հայկական սոցիալական ցանցերը։ Պատմական ժառանգության համար պայքարը միայն հայտարարություններով չի շահվում։ Այն պահանջում է դիվանագիտություն, փաստաթղթավորում, միջազգային գիտական աշխատանք, եկեղեցական կապերի գործադրում և մշտական ներկայություն։ Այստեղ հայկական պետականության և եկեղեցու պատասխանատվությունները պետք է լրացնեն միմյանց։ Պետությունը պարտավոր է գործել դիվանագիտական, իրավական և միջազգային կազմակերպությունների հարթակներում։ Եկեղեցին՝ քրիստոնեական աշխարհի ներսում։ Իսկ գիտական հաստատությունները պետք է ապահովեն այն փաստական հենքը, որը պատմական կեղծարարությունը թույլ չի տա ներկայացնել որպես պարզապես «երկու հակադիր նարատիվների» վեճ։ Արամ Ա-ն գրում է, որ այս ամենը պետք է մեզ մղի «ինքնագիտակցության եւ համախմբուելու»։ Դժվար է չհամաձայնել։ Բայց համախմբումը քաղաքականություն չէ, եթե դրան չի հաջորդում գործողությունը։ Ավելին՝ խաղաղության գործընթացն ու մշակութային ժառանգության պաշտպանությունը միմյանց հակադիր նպատակներ չեն։ Կայուն խաղաղությունը ենթադրում է ոչ միայն սահմանների ճանաչում, այլև մյուսի պատմական ու մշակութային ինքնության նկատմամբ հարգանք։ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմությունը լռեցնելու կամ վերագրելու վրա։ Այս իրավիճակում եկեղեցուց ակնկալվում է ոչ միայն հստակ դիրքորոշում, այլ իր միջազգային հեղինակությունն ու կապերը հետևողական գործողության վերածելու հանձնառություն ։ Հայ եկեղեցու ձայնը պետք է լսելի լինի Հռոմում, Ժնևում, Լոնդոնում, Աթենքում, Կոստանդնուպոլսում և քրիստոնեական աշխարհի մյուս կենտրոններում՝ մեկ սկզբունքային հարցադրմամբ․ ինչպե՞ս կարելի է կառուցել խաղաղություն՝ միաժամանակ լռությամբ ընդունելով մի ժողովրդի պատմական ու հոգևոր ժառանգության վերագրումը մեկ ուրիշին ։ Աղոթքը եկեղեցու առաքելությունն է, բայց երբ վտանգված են նրա սեփական սրբավայրերի անունն ու պատմությունը, աղոթքին պետք է միանա կազմակերպված, հետևողական և միջազգային աշխատանքը, ո րովհետ եւ ժառանգությունը պետք է պաշտպանել ոչ միայն այն պահին, երբ եկեղեցին քանդում են, այլ եւ այն ժամանակ, երբ եկեղեցին կանգուն է, բայց փորձում են փոխել նրա անունն ու պատմությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13225

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով