Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ճանապարհը նրա իշխանությունը սահմանափակելն է

Հայաստանի քաղաքական կյանքում ձևավորվում է մի հնարավորություն, որի նշանակությունը դեռ պատշաճ ուշադրության չի արժանացել։ Նիկոլ Փաշինյանին քաղաքական օրակարգեր և բարեփոխումներ պարտադրելու ամենաարդյունավետ ճանապարհը քաղաքական այնպիսի ուժի ձևավորումն է, որի հետ հաշվի նստելը վարչապետի համար կդառնա սեփական քաղաքական օրակարգն առաջ տանելու պարտադիր պայման։ Վարչապետը պետք է հայտնվի այնպիսի հարաբերությունների մեջ, որոնց պայմաններում իր նախաձեռնություններն իրականացնելու համար ստիպված կլինի բանակցել, փոխզիջումների գնալ և հաշվի նստել քաղաքական այլ ուժերի հետ։ Խորհրդարանական ժողովրդավարության հիմքում հենց այս տրամաբանությունն է։ Փոխադարձ կախվածությունն ու հակակշիռները սահմանափակում են իշխանության կենտրոնացումը, ստիպում են քաղաքական ուժերին համաձայնության հասնել և ապահովում պետական կառավարման շարունակականությունը։ Իշխանության սահմանափակումը ժողովրդավարության կարևորագույն ձեռքբերումներից է, իսկ քաղաքական համաձայնությունը՝ այդ սահմանափակման գործիքներից մեկը։ Փաշինյանի վերջին հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ վարչապետը սկսել է գիտակցել այս խնդրի կարևորությունը։ Նա խոսում է ուժեղ, ինքնուրույն, պետականակենտրոն ընդդիմության անհրաժեշտության մասին։ Այս հայտարարությունների հետևում, անշուշտ, կա նաև սեփական քաղաքական հաշվարկը։ Փաշինյանը որևէ մեկին քաղաքական նվեր անելու մտադրություն չունի։ Նա հասկանում է, որ իշխանության ներկայիս կառուցվածքը երկարաժամկետ առումով վտանգներ է պարունակում հենց իր համար։ Հեղափոխությունների պատմությունը ցույց է տալիս իշխանության կենտրոնացման վտանգավոր հետևանքները։ Հեղափոխական առաջնորդները, հենվելով հանրային լայն աջակցության վրա, հաճախ ձգտում են իրենց ձեռքում կենտրոնացնել քաղաքական որոշումների ընդունումը։ Ժամանակի ընթացքում իշխանության նման կառուցվածքը թուլացնում է քաղաքական մրցակցությունը, սահմանափակում համակարգի ներսում սխալներն ուղղելու հնարավորությունը և խորացնում հասարակական դժգոհությունը։ Արդյունքում կուտակված հակասությունները կարող են դուրս գալ սահմանադրական քաղաքականության շրջանակներից և հանգեցնել նոր ցնցումների։ Փաշինյանը հեղափոխական պայքարի իր անցած ճանապարհից լավ գիտի, թե ինչպես է կուտակվում հանրային դժգոհությունը և ինչ հետևանքներ կարող է ունենալ քաղաքական համակարգի ներսում իրական այլընտրանքի բացակայությունը։ Նա գիտակցում է նաև հակահեղափոխական ուժերի վերադարձի վտանգը։ Հայաստանի աշխարհաքաղաքական բարդ պայմաններում իշխանության նոր ճգնաժամը կարող է վտանգել երկրի ինքնիշխանության ամրապնդման ձեռքբերումները, խաթարել Արևմուտքի հետ մերձեցման գործընթացը և նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանում Ռուսաստանի քաղաքական ազդեցության վերականգնման համար։ Այս վտանգները կանխելու համար Փաշինյանին անհրաժեշտ է ուժեղ, ինքնուրույն և անկախական ընդդիմություն, որն ունակ կլինի ստանձնելու իշխանությունը՝ պահպանելով Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման շարունակականությունը։ 2018 թվականի հեղափոխությունը Հայաստանում իշխանության ձևավորման նոր հնարավորություններ ստեղծեց, սակայն չլուծեց քաղաքական համակարգի հիմնարար խնդիրները։ Իշխանության խաղաղ փոխանցման մշակույթը, քաղաքական հակակշիռներն ու ժողովրդավարական հաստատությունները դեռևս բավարար չափով ամրապնդված չեն։ Քաղաքական կյանքը շարունակում է կառուցվել առանձին առաջնորդների շուրջ, իսկ իշխանության համար պայքարը հաճախ ստանում է անհաշտ դիմակայության բնույթ։ Այս պայմաններում իշխանափոխությունը դեռևս չի դարձել քաղաքական կյանքի բնականոն գործընթաց, իսկ իշխանության համար պայքարը շարունակում է ուղեկցվել պետական կայունության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության խաթարման վտանգով։ Հայաստանի համար այս խնդիրը նաև ազգային անվտանգության նշանակություն ունի։ Ռուսաստանի քաղաքական ազդեցության նվազեցումը, Եվրոպայի հետ մերձեցումը, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների գործարկումը պահանջում են հետևողական և երկարաժամկետ պետական քաղաքականություն։ Այս գործընթացների հաջողությունը մեծապես կախված է Հայաստանի ներսում քաղաքական լայն համաձայնության և ամուր ժողովրդավարական ինստիտուտների ձևավորումից։ Երկրի ինքնիշխանության ամրապնդումն ու արտաքին քաղաքական կողմնորոշման շարունակականությունը պետք է երաշխավորված լինեն նաև իշխանափոխությունից հետո։ Հայաստանի ապագայի համար վճռորոշ այս ընտրությունը չի կարող պայմանավորված լինել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամկետով։ Հենց այս խնդրի լուծման գործում անկախական ընդդիմությունը կարող է ստանձնել վճռորոշ քաղաքական դերակատարություն։ Փաշինյանի հետ քաղաքական համագործակցությունը կարող է դառնալ նրա իշխանությունը սահմանափակելու, իսկ հետագայում իշխանության սահմանադրական փոփոխությունն ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհը։ Դրա համար ընդդիմությանն անհրաժեշտ է սեփական օրակարգ, հասարակական վստահություն և քաղաքական այնպիսի կշիռ, որը վարչապետին կստիպի ընդունել իրական փոխզիջումներ։ Նման համագործակցությունը բխում է նաև Փաշինյանի քաղաքական շահերից։ Նրա իշխանության կայունության և երկրի ժողովրդավարական ապագայի համար կարևոր է ինքնուրույն, հանրային վստահություն վայելող ընդդիմության կայացումը, որն ունակ կլինի ստանձնելու պետական կառավարումը և պահպանելու Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման շարունակականությունը։ Նման այլընտրանքի բացակայությունը վտանգավոր է նաև գործող իշխանության համար։ Կուտակվող հանրային դժգոհությունը կարող է քաղաքական հենարան դառնալ այն ուժերի համար, որոնք ձգտում են վերականգնել Հայաստանի նախկին կախվածությունները և վերանայել երկրի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը։ Այս վտանգն արդեն իսկ առկա է Հայաստանի քաղաքական և աշխարհաքաղաքական իրականության մեջ։ Հայաստանի շուրջ շարունակվում է աշխարհաքաղաքական ազդեցության պայքարը, և երկրի ներքին քաղաքական անկայունությունը կարող է գործիք դառնալ արտաքին ուժերի ձեռքում։ Հետևաբար անկախական ընդդիմության կայացումը նաև ազգային անվտանգության խնդիր է։ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը պահանջում է քաղաքական մրցակցության այնպիսի համակարգ, որի պայմաններում իշխանության փոփոխությունը չի վտանգի պետության ռազմավարական շահերը։ Փաշինյանի և անկախական ընդդիմության միջև հնարավոր համաձայնության առաջնային հարցերից մեկը պետք է լինի վարչապետի պաշտոնավարման ժամկետների սահմանադրական սահմանափակումը։ Թեև խորհրդարանական ժողովրդավարություններում վարչապետի պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը ընդունված պրակտիկա չէ, Հայաստանի քաղաքական համակարգում իշխանության երկարատև կենտրոնացման վտանգը հիմնավոր է դարձնում նման սահմանադրական կարգավորման անհրաժեշտության քննարկումը։ Հայաստանում անձնակենտրոն կառավարման ավանդույթը հաղթահարելու համար անհրաժեշտ են իշխանության պարբերական փոփոխությունն ապահովող սահմանադրական երաշխիքներ։ Վարչապետի պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը կարող է կանխել իշխանության երկարատև կենտրոնացումը մեկ անձի ձեռքում, խթանել քաղաքական մրցակցությունը և նպաստել նոր առաջնորդների ձևավորմանը։ Այս հարցում համաձայնության հասնելու պատրաստակամությունը ցույց կտա, թե որքանով է Փաշինյանն իսկապես պատրաստ սահմանափակելու սեփական իշխանությունը և ամրապնդելու քաղաքական մրցակցությունը։ Եթե վարչապետն իսկապես ցանկանում է ուժեղ և անկախ ընդդիմության ձևավորում, ապա պետք է պատրաստ լինի քննարկելու սեփական իշխանությունը սահմանափակող սահմանադրական փոփոխությունները։ Անկախական ընդդիմությունն իր հերթին պետք է կարողանա օգտվել այդ հնարավորությունից։ Քաղաքական ազդեցությունը ձեռք է բերվում սեփական օրակարգն առաջ տանելու, հանրային աջակցությունը մեծացնելու և իշխանությանը իրական զիջումներ պարտադրելու կարողությամբ։ Փաշինյանի հետ քաղաքական համաձայնությունը կարող է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրա իշխանության խաղաղ, սահմանադրական և կանխատեսելի փոխանցումը։ Այս հնարավորության մեջ որևէ հակասություն չկա։ Ժողովրդավարության հասունությունը չափվում է նաև գործող իշխանության մասնակցությամբ նրա իրավահաջորդի համար քաղաքական պայմաններ ստեղծելու կարողությամբ։ Հայաստանի առաջիկա տարիների կարևորագույն խնդիրներից մեկը իշխանության խաղաղ, կանխատեսելի և սահմանադրական փոփոխությունը բնական քաղաքական գործընթաց դարձնելն է։ Այդ նպատակին ծառայող համագործակցությունը կարող է դառնալ անկախական ընդդիմության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը։ Հայաստանի ժողովրդավարության հասունության գլխավոր չափանիշը կլինի իշխանության այնպիսի փոփոխությունը, որը կապահովի երկրի ինքնիշխանության ամրապնդման, ժողովրդավարական զարգացման և արտաքին քաղաքական կողմնորոշման շարունակականությունը՝ անկախ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16807

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով