Հայաստանի քաղաքական կյանքի ամենալուրջ խնդիրներից մեկը իշխանության լուրջ և համոզիչ այլընտրանքի բացակայությունն է։ Տարիներ շարունակ քաղաքական պայքարը կենտրոնացել է Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ՝ երկրորդ պլան մղելով երկրի զարգացման ծրագրերն ու ազգային առաջնահերթությունները։ Ընդդիմադիր դաշտում արմատավորվել է մի մոտեցում, ըստ որի՝ Փաշինյանին հակադրվելու համար անհրաժեշտ է մերժել նրա բոլոր՝ անխտիր բոլոր նախաձեռնությունները՝ անկախ դրանց բովանդակությունից և Հայաստանի շահերի հետ առնչությունից։ Այս ճանապարհով հնարավոր է համախմբել դժգոհ մարդկանց, կազմակերպել բողոքի շարժումներ և որոշ ժամանակ պահպանել քաղաքական լարվածությունը։ Սակայն հասարակական դժգոհությունը դեռևս քաղաքական այլընտրանք չէ։ Իշխանության հավակնող ուժը պետք է ունենա երկրի զարգացման սեփական ծրագիրը, պետական շահերի հստակ պատկերացումը և իր առաջարկած քաղաքականության համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը։ Հակառակ դեպքում պայքարը մնում է անձերի հակամարտության սահմաններում՝ Հայաստանի ապագայի շուրջ բովանդակային քննարկումը շարունակաբար դուրս մղելով քաղաքական օրակարգից։ Հայաստանի պետական շահերը չեն կարող պայմանավորվել իշխանության և ընդդիմության քաղաքական դիրքորոշումներով։ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը, սահմանների անվտանգությունը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, եվրոպական ինտեգրումը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների հաստատումը համազգային նշանակության առաջնահերթություններ են։ Դրանց շուրջ քաղաքական տարաձայնությունները պետք է նպաստեն ավելի արդյունավետ լուծումների որոնմանը՝ բացառելով ազգային կենսական շահերի ստորադասումը ներքաղաքական պայքարի նպատակներին։ Այս հարցերում յուրաքանչյուր քաղաքական դիրքորոշում պետք է հիմնված լինի Հայաստանի երկարաժամկետ շահերի և հնարավոր հետևանքների լուրջ գնահատման վրա։ Փաշինյանի նախաձեռնություններին ինքնանպատակ հակադրվելը չի կարող փոխարինել քաղաքական ծրագրին։ Հատկապես վտանգավոր է այն մոտեցումը, երբ ներքաղաքական պայքարի նկատառումներով մերժվում են Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող գործընթացները։ Հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններից հետո Փաշինյանն ինքն էլ խոսեց նոր, ժողովրդավարական և պետականակենտրոն ընդդիմության անհրաժեշտության մասին։ Նա մտահոգություն հայտնեց առանձին համայնքներում իշխանության ստացած 70–90 տոկոս ձայների կապակցությամբ և ընդունեց, որ կառավարությունը չի կարող ստեղծել սեփական ընդդիմությունը։ Վարչապետի այս հայտարարությունը փաստում է, որ իշխանության քաղաքական գերակշռությունն ու ուժեղ ընդդիմության բացակայությունը դարձել են Հայաստանի ժողովրդավարական համակարգի հավասարակշռության լուրջ խնդիր։ Իշխանության քաղաքական գերիշխող դիրքն ու ուժեղ ընդդիմության բացակայությունը թուլացնում են քաղաքական մրցակցությունը, նվազեցնում իշխանության նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը և խաթարում ժողովրդավարության համար անհրաժեշտ հակակշիռների համակարգը։ Սակայն այստեղ առաջանում է նաև նրա պատասխանատվության հարցը։ Ուժեղ ընդդիմության ձևավորման համար անհրաժեշտ են հավասար մրցակցության պայմաններ, անկախ ինստիտուտներ, քաղաքական ազատություններ և իշխանության նկատմամբ հանրային վերահսկողություն։ Հայաստանի իշխանությունը պարտավոր է ապահովել այդ միջավայրը։ Ժողովրդավարության որակը որոշվում է նաև իշխանության հանդեպ քննադատության հնարավորություններով։ Իշխող ուժի ընտրական գերազանցությունը դեռևս քաղաքական համակարգի առողջության հավաստագիր չէ։ Հայաստանի ներքաղաքական զարգացումները վաղուց դուրս են եկել զուտ ներքին քաղաքականության շրջանակներից։ Տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխության պայմաններում մեր քաղաքական անկայունությունը կարող է արտաքին ազդեցության լրացուցիչ հնարավորություններ ստեղծել։ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը, Ադրբեջանը Հայաստանի ներքին խնդիրները դիտարկում է նաև սեփական շահերի տեսանկյունից, Թուրքիան հետևում է հարաբերությունների կարգավորման ընթացքին, իսկ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը կարևորում են Հայաստանի կայունությունը, ինքնիշխանությունն ու ստանձնած պարտավորությունների շարունակականությունը։ Այս իրողությունները ընդդիմության վրա ևս պատասխանատվություն են դնում. նրա քաղաքական դիրքորոշումներն ու որոշումները կարող են անմիջական հետևանքներ ունենալ Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքական հնարավորությունների համար։ Առավել մտահոգիչ է Հայաստանի առջև բացված արտաքին քաղաքական հնարավորությունների և ռազմավարական շահերի ստորադասումը ներքաղաքական պայքարի ընթացիկ նպատակներին։ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները, տարածաշրջանային հաղորդակցությունների հաստատումը, եվրոպական կառույցների հետ մերձեցումը և տնտեսական նոր հնարավորությունները պահանջում են մասնագիտական գնահատում, հանրային վերահսկողություն ու հետևողական քաղաքականություն։ Դրանք պարունակում են ռիսկեր, որոնց մասին անհրաժեշտ է խոսել, սակայն այդ ռիսկերի քննարկումը քաղաքական պատասխանատվություն է պահանջում։ Ամեն ինչ մերժելու քաղաքականությունը սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները, խոչընդոտում անհրաժեշտ փոփոխություններին և թուլացնում երկրի կարողությունը՝ ինքնուրույն ձևավորելու իր ապագան։ Իրական այլընտրանքը պետք է կարողանա պատասխանել շատ ավելի դժվար հարցերի։ Ինչպե՞ս ապահովել Հայաստանի անվտանգությունը նոր տարածաշրջանային պայմաններում։ Ինչպե՞ս նվազեցնել տնտեսական կախվածությունները։ Ինչպե՞ս սահմանափակել գործադիր իշխանության գերակայությունը, ամրապնդել խորհրդարանի վերահսկողական լիազորությունները, ապահովել դատարանների անկախությունը և սահմանադրական կարգի անխափան գործունեությունը։ Ինչպե՞ս ստեղծել այնպիսի տնտեսություն, որը երիտասարդներին հնարավորություն կտա սեփական ապագան կապել Հայաստանի հետ։ Այս հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ են քաղաքական միտք, մասնագիտական կարողություններ և իշխանություն ստանձնելու պատրաստակամություն։ Հակառակ դեպքում ընդդիմությունը շարունակում է սնվել հասարակական դժգոհությունից՝ առանց երկրի համար զարգացման համոզիչ հեռանկար առաջարկելու։ Առաջիկա հինգ տարիները վճռորոշ կարող են լինել Հայաստանի քաղաքական համակարգի համար։ Եթե այդ ընթացքում չձևավորվի պետականակենտրոն, ժողովրդավարական և ինքնուրույն ընդդիմություն, երկիրը կմնա հեղափոխական սպասումների ու հերթական փրկիչների որոնման շրջապտույտում։ Յուրաքանչյուր նոր ճգնաժամ կվերակենդանացնի հին հակամարտությունները, իսկ իշխանափոխության գաղափարը կրկին կկապվի անձերի հեռացման հետ։ Փաշինյանը կարող է շահել թույլ ընդդիմության պայմաններում անցկացվող հերթական ընտրությունները։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում այդ վիճակը վտանգավոր է նաև նրա ստեղծած քաղաքական համակարգի համար։ Առանց ուժեղ քաղաքական մրցակցության իշխանությունն աստիճանաբար կորցնում է սեփական սխալները տեսնելու և ուղղելու կարողությունը։ Թուլանում է հանրային վերահսկողությունը, կարևոր որոշումները մնում են բավարար չափով քննարկումից դուրս, իսկ հասարակության դժգոհությունը կուտակվում է՝ չգտնելով քաղաքական ազդեցության գործուն ուղիներ։ Հայաստանին անհրաժեշտ է ընդդիմություն, որը պատրաստ կլինի կառավարել երկիրը՝ պահպանելով պետականության հիմնարար ձեռքբերումները և ուղղելով գործող իշխանության սխալները։ Այդպիսի ուժի ձևավորումը կնշանակի քաղաքական կյանքի որակական փոփոխություն։ Փաշինյանի իրական այլընտրանքը կհայտնվի այն ժամանակ, երբ նրա հեռացումը կդադարի լինել քաղաքականության գլխավոր նպատակը։ Հայաստանի ապագան պետք է դառնա այդ նպատակը։ Եվ այդ պահին միայն իշխանության համար պայքարը կստանա պետական իմաստ։



