«Անսար Ալլահ» շարժման (հութիներ) ներկայացուցիչները Եգիպտոսի խորհրդարանի՝ Սաուդյան Արաբիային ռազմական օգնություն տրամադրելուն հավանության տալու որոշումը որակել են որպես թշնամական քայլ Եմենի նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Եգիպտոսը և նրա խորհրդարանը հայտնել են իրենց աջակցությունն այն բանին, ինչն իրենք անվանել են Սաուդյան Արաբիայի պաշտպանություն։ Գնալով այդ քայլին՝ նրանք պատերազմ են հայտարարել Եմենի Հանրապետությանը», – հայտարարել է հութիների քաղբյուրոյի անդամ Մուհամմեդ Ալի ալ Հութին։ Ալ Հութին Կահիրեին նախազգուշացրել է, որ Էր Ռիադին աջակցությունը կսպառի Եգիպտոսի ուժերը և կօգնի Իսրայելին Սինայի թերակղզու վրա գրոհելու իր պլանների իրականացման գործում։ Նա ասել է, որ հութիները «չեն վախենում որևէ նոր կոալիցիայից», և Եգիպտոսին, Պակիստանին ու Թուրքիային կոչ են անում չաջակցել Սաուդյան Արաբիայի գրոհներին Եմենի վրա։ Ալ Հութին կարծում է, որ Պակիստանն ու Թուրքիան պետք է դուրս գան Մեքքայի պաշտպանական համաձայնագրից, որը, նրա խոսքով, ստեղծվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հանձնարարությամբ։ Նա կոչ է արել տարածաշրջանի երկրներին միասին դիմակայել ԱՄՆ-ին ու Իսրայելին և պաշտպանել պաղեստինցիներին։ Բացի այդ, նա Էր Ռիադից պահանջել է դադարեցնել հարվածները Եմենի ուղղությամբ, վերացնել հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակումը և փոխհատուցում վճարել 2015 թ. ի վեր պատճառված վնասի համար։ «Անսար Ալլահ»-ը 2015 թվականից վերահսկում է Եմենի մայրաքաղաք Սանան։ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը տեղակայված է Ադենում։



