Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա

Հայաստանին պետք է հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քանի որ երկիրը չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, սակայն նրա հետ անհրաժեշտ է համաձայնեցնել բոլոր որոշումները. РИА Новости-ին հայտնել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Բորդյուժայի խոսքով՝ եթե Հայաստանը կասեցնում է իր մասնակցությունը, բայց դուրս չի գալիս կազմակերպությունից, շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ։ «Եթե նրանք ՀԱՊԿ լիիրավ անդամներ են, ապա բոլոր որոշումները, որոնք կազմակերպությունում ընդունվում են կոնսենսուսով, պետք է կայացվեն՝ հաշվի առնելով նաև նրանց դիրքորոշումը։ Սակայն այսօր այդ դիրքորոշումը, ըստ էության, հակասում է ՀԱՊԿ-ում իրականացվող քաղաքականությանը»,- նշել է նա։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Հայաստանի համար ավելի ճիշտ կլիներ ամբողջությամբ դուրս գալ կազմակերպությունից, իսկ եթե Երևանը դա չի անում, ապա նրան պետք է հեռացնել։ «Ես նրանց կհեռացնեի։ Անդամավճարներ չեն վճարում, մասնակցություն չեն ունենում։ Եթե լուրջ են տրամադրված, պետք է պարզապես դուրս գան։ Բայց քանի որ նրանց դիրքորոշումը երկակի է՝ չեն ուզում դուրս գալ, չեն ուզում աշխատել, չեն մասնակցում և չեն ցանկանում, նրանց պետք է հեռացնել»,- ասել է Բորդյուժան։ Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարցը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16867

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով