Իսպանիայի Տոլեդոյի նահանգում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով 39 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Independent-ը։ Բրիտանական Daily Express-ի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 46-ի, վիրավորվել է 179 մարդ։ Որոշ լրատվամիջոցներ նշում են 10 զոհի մասին։ Կաստիլիա-Լա Մանչա տարածաշրջանի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ բախումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ից մի փոքր անց, ինչի հետևանքով երկու վագոն դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել։ Նա հավելել է, որ դեպքի պատճառն ու զոհերի հստակ թիվը դեռ պարզվում են։ Երկաթուղային օպերատոր Adif-ը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Մորա և Օրգազ քաղաքների միջև՝ Մադրիդից Սևիլիա ուղևորվող Renfe և Iryo ընկերությունների երկու արագընթաց գնացքների մասնակցությամբ։ Renfe-ի գնացքում եղել է 397 ուղևոր, իսկ Iryo-ի գնացքում՝ 147, հաղորդում է France 24-ը։ Ըստ տեղեկությունների՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Տուժածներից մեկը՝ 54-ամյա Խեսուս Խերոնիմոն, El Pais պարբերականին հայտնել է, որ այդ «սարսափելի» միջադեպի ժամանակ «մարդիկ դուրս էին նետվել գնացքից»։ Վարչապետ Պեդրո Սանչեսը X-ում գրառման մեջ հայտարարել է, որ «ցնցված է Տոլեդոյում տեղի ունեցած գնացքների լուրջ վթարից»։ Նա զորակցություն ու աջակցություն է հայտնել բոլոր տուժածներին և նրանց ընտանիքներին։



