ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկում են ամերիկյան ընկերությունների վերադարձը ռուսական էներգետիկ շուկա։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին։ Քննարկվող տարբերակների թվում են Հեռավոր Արևելքում «Սախալին-1» նավթային նախագծի շրջանակում համատեղ արդյունահանման վերսկսումը և «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի՝ Եվրոպա մատակարարումների վերականգնմանը ԱՄՆ-ի մասնակցությունը։ Քննարկվում է նաև ռուսական տիտանի մատակարարումների վերսկսումը ԱՄՆ-ին, ինչպես նաև ամերիկյան ավիաընկերություններին ռուսական օդային տարածքով տարանցիկ թռիչքների թույլտվությունը։ Սակայն կողմերի դիրքորոշումները տարբերվում են։ Կրեմլը պատրաստ է անհապաղ տնտեսական համագործակցության, մինչդեռ Սպիտակ տան ներկայացուցիչները նման գործարքների անհրաժեշտ պայման են համարում Ուկրաինայում պատերազմի դադարեցումը։ FT-ի աղբյուրներից մեկի խոսքով՝ տնտեսական համաձայնագրերը կարող են դառնալ խաղաղության ընդհանուր պայմանավորվածության մաս, սակայն վերջնական որոշումներ դեռ չեն կայացվել։ Եվրոպացի դիվանագետների գնահատմամբ՝ համաձայնության գլխավոր խոչընդոտներից մեկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումն է․ ըստ նրանց՝ խնդիրը միայն տնտեսական շահը չէ, այլև վերահսկողության և քաղաքական հեղինակության հարցերը։



