Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

Նիդերլանդների Թագավորությունում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի 5-րդ գլոբալ համաժողովի շրջանակում Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Պարտավորություններից դեպի հաշվետվողականություն․ կառավարության առաջնորդությունը գործնականում» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այդ մասին նշված է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ։ Քննարկմանը մասնակցել են նաև Սուրինամի փոխնախագահ Գրեգորի Ռուսլանդը, Նիդերլանդների Թագավորության ներքին գործերի և թագավորության հարաբերությունների նախարար Պիտեր Հիրման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ասա Ռեգները, ինչպես նաև տարբեր երկրների նախարարներ, քաղաքապետեր, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Իր խոսքում նախարար Թորոսյանն ընդգծել է, որ խտրականության դեմ պայքարը պետք է լինի համապարփակ՝ ներառելով ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությունը, այլև հանրային առողջապահության, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտները։ «Այս գործընթացում նախարարը կարևորել է նաև միջգերատեսչական արդյունավետ համագործակցության, վաղ միջամտության և կանխարգելման ծառայությունների զարգացման, աշխատաշուկայում խտրականության դրսևորումների վերացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ սերտ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև կրթության պակասի և խտրականության դրսևորումների միջև կապին՝ շեշտելով իրազեկվածության բարձրացման ու կրթական հաստատություններում հասցեական ծրագրերի իրականացման դերը երևույթի կանխարգելման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16984

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով