Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է IN Groupe և «ՀայՓաս» ընկերությունների ղեկավար կազմին՝ IN Groupe ընկերության ֆինանսական տնօրեն Դունիա Էլ-Հասնաուի գլխավորությամբ։ ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանում կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգի ներդրման ծրագրի ռազմավարական նշանակությունը։ Նախարարը նշել է, որ Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության այս առաջին ծրագիրը կարևոր քայլ է պետական ծառայությունների արդիականացման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։ Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ծրագրի իրականացմամբ ՀՀ քաղաքացիները միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից սպասարկման գրասենյակներում կստանան բարձրորակ ծառայություններ և կունենան անվտանգ փաստաթղթեր։ IN Groupe ընկերության ֆինանսական տնօրեն Դունիա Էլ-Հասնաուն շնորհակալություն է հայտնել վստահության և արդյունավետ գործընկերության համար՝ ընդգծելով, որ ընկերությունը շարունակելու է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ծրագրի հաջող իրականացումն ու քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի սահմանային անցակետերում e-gate՝ սահմանահատման ավտոմատացված համակարգերի ներդրման հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում ներդնել համապատասխան համակարգերը, որոնք կապահովեն սահմանահատման առավել արագ, հարմարավետ և անվտանգ գործընթաց։ Անդրադարձ է կատարվել նաև ծրագրի շրջանակում տվյալների ժամանակակից կենտրոնի ստեղծմանը, որը Հայաստանի համար աննախադեպ տեխնոլոգիական ներդրում է և էական նշանակություն կունենա կենսաչափական համակարգի անվտանգ ու անխափան գործունեության ապահովման համար։ Կարևորվել է նաև ծրագրի տնտեսական նշանակությունը։ Մասնավորապես, «ՀայՓաս» ընկերության գործունեության շրջանակում Հայաստանում ստեղծվել են նոր աշխատատեղեր, ընկերության աշխատակիցների գերակշիռ մասը հայ մասնագետներ են, ինչը նպաստում է տեղական մասնագիտական ներուժի զարգացմանն ու միջազգային փորձի փոխանցմանը։ Հանդիպման ավարտին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և «ՀայՓաս» ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյեն ստորագրել են կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի անկախ փորձագիտական ընկերության կողմից կազմված հաշվետվությունը։ Փաստաթղթով հավաստվում է, որ կողմերը պատշաճ կերպով կատարել են ստանձնած ներդրումային պարտավորությունները և պատրաստ են ծրագրի գործառնական փուլի մեկնարկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17068

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով