«Սարդարապատ»-ը Արմավիրի քաղաքային մարզադաշտում առաջին տնային խաղն անցկացրեց «Վան»-ի դեմ. գրանցվեց ոչ-ոքի

Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբն առաջին անգամ հանդիպում անցկացրեց Արմավիրի քաղաքային մարզադաշտում՝ սեփական հարկի տակ ընդունելով «Վանին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Մինչև խաղի մեկնարկը տեղի ունեցավ պարգևատրման արարողություն․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Դավիթ Հարությունյանը «Սարդարապատ»-ի հարձակվող Համլետ Մինասյանին հանձնեց Հայաստանի Առաջին խմբի 2025/26 մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը։ Նախորդ մրցաշրջանում Մինասյանը դարձել էր 30 գոլի հեղինակ՝ գլխավորելով առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։ Հանդիպման հատուկ հյուրերն էին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն Կարեն Ասլանյանը և բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանը։ Հայ մարզիկները ողջունեցին մարզադաշտում ներկա երկրպագուներին և կատարեցին «Սարդարապատ» – «Վան» հանդիպման խորհրդանշական առաջին հարվածը։ Խաղում հաշիվը բացեցին հյուրերը, սակայն 17-րդ րոպեին Լևոն Պետրոսյանը հավասարեցրեց այն։ Երկրորդ խաղակեսում՝ 61-րդ րոպեին, Համլետ Մինասյանը դարձավ «Սարդարապատ»-ի երկրորդ գոլի հեղինակը՝ առաջ մղելով տանտերերին։ Հետագայում «Վանը» կարողացավ հավասարեցնել հաշիվը, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2։ Այսպիսով, «Սարդարապատ»-ն Արմավիրի քաղաքային մարզադաշտում անցկացրած իր առաջին հանդիպումն ավարտեց մեկ միավոր վաստակելով։ Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետո «Սարդարապատն» ունի 17 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17120

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով