Վատիկանում ցուցադրվել են պապերի օգտագործած ութ «Mercedes»-ները Վատիկանի թանգարաններում բացվել է «Պապամոբիլի մեկ դարը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ութ Mercedes-Benz մեքենաներ, որոնցով տարբեր ժամանակներում տեղաշարժվել են Հռոմի պապերը։ Ցուցադրության ամենահին մեքենան Հռոմի պապ Պիոս XI-ին են նվիրել 1930թ․ մայիսի 23-ին։ Mercedes-Benz Nürburg 460-ն ունեցել է մետաքսե պաստառով շքեղ բազկաթոռ, ինչպես նաև փայտից և մետաղից պատրաստված դետալներ։ Տարիների ընթացքում մեքենաները փոփոխվել են՝ հաշվի առնելով պապերի անվտանգության և հավատացյալների հետ շփվելու անհրաժեշտությունը։ 1960թ․ Հովհաննես XXIII պապին նվիրած մեքենայի հետևի կողային ապակիները հնարավոր էր հանել, որպեսզի նա կարողանար ողջունել ճանապարհին հավաքված մարդկանց։ Ցուցահանդեսում ներկայացված է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրած էլեկտրական «պապամոբիլը»։ Հռոմի պապ Լևոն XIV-ը, հանդիպելով Mercedes-Benz-ի ղեկավարներին, կոչ է արել շարունակել տեխնոլոգիական նորարարություններն օգտագործել մարդու արժանապատվության, բնության պահպանության և հանրային բարօրության համար։



