Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին նոյեմբերի 2-ին Պեկինում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի հետ։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպման ընթացքում Վան Ին, նշելով, որ Մերձավոր Արևելքում ներկայիս հակամարտությունը ձգձգվում է և տարածվում այլ տարածաշրջաններում, որպես ստեղծված իրավիճակի կարգավորման միակ ճանապարհ է առանձնացրել երկխոսությունն ու բանակցությունները։ Նա կոչ է արել բոլոր կողմերին պատասխանատվություն ցուցաբերել սեփական ժողովուրդների և պատմության առջև, համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ և ողջամիտ ու գործնական մոտեցմամբ կենտրոնանալ քաղաքական կարգավորման վրա՝ կրկին ուժի կիրառման դիմելու փոխարեն։ Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բոլոր կողմերի հետ՝ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու նպատակով։ Վան Ին նշել է, որ չնայած միջազգային անկայուն և փոփոխվող իրավիճակին՝ Չինաստանի և Իրանի հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ։ «Դա բխում է երկու ժողովուրդների հիմնարար շահերից և համապատասխանում է նաև Գլոբալ հարավի երկրների միասնության ու համագործակցության ձգտումներին։ Չինաստանն աջակցում է Իրանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությանը և պատրաստ է համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Բաղերին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ Իրանի տեսակետներն ու դիրքորոշումը՝ նշելով, որ Թեհրանը վճռական է պաշտպանելու իր անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև դիմակայելու սպառնալիքներին։ Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է բանակցություններ վարել բոլոր կողմերի հետ և ակտիվորեն նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ Բաղերին բարձր է գնահատել նախագահ Սի Ծինփինի նախաձեռնություններն ու առաջարկները, ինչպես նաև բազմակողմանիության սկզբունքներին հավատարիմ մնալու Չինաստանի հետևողական դիրքորոշումը։ Նա հույս է հայտնել, որ Չինաստանը միջազգային և տարածաշրջանային խաղաղության ապահովման գործում ավելի կարևոր դեր կխաղա։



