Լեհաստանի ոստիկանությունը բանակի, սահմանապահ ծառայության և հատուկ ծառայությունների հետ համատեղ հատուկ գործողություն է իրականացնում երկրի հյուսիսարևելյան շրջաններում՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի սահմանամերձ տարածքներում հնարավոր դիվերսիաները կանխելու նպատակով։ Այս մասին նոյեմբերի 2-ին RMF FM ռադիոկայանին հայտնել է Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատար Մարեկ Բորոնը։ Գործողությունն ընդգրկում է Վարմինսկո-Մազուրյան և Պոդլյասկի վոյեվոդությունները։ Ոստիկանության գլխավոր հրամանատարությունում ստեղծվել է գործողությունը համակարգող շտաբ, ներգրավված են նաև Օլշտինի և Բիալիստոկի տարածաշրջանային ստորաբաժանումները։ RMF FM-ի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ Լեհաստանի իշխանությունները ռազմական հետախուզությունից և դաշնակից երկրների ծառայություններից նախազգուշացումներ են ստացել առաջիկա օրերին հնարավոր դիվերսիոն գործողությունների մասին։ Հավանական սպառնալիքների թվում նշվում է զինված խմբերի կողմից սահմանի խախտումը։ Սահմանամերձ շրջաններ են տեղափոխվել լրացուցիչ ոստիկանական ուժեր, այդ թվում՝ հակաահաբեկչական ստորաբաժանումներ։ «Մենք պետք է ապահովենք այնտեղ բնակվող քաղաքացիների, ինչպես նաև հաստատությունների անվտանգությունը»,– նշել է Բորոնը։



