Իսպանիայում երկաթուղային վթարներից հետո նախարարը հրաժարական է տվել

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հրաժարական է տվել երկրում տեղի ունեցած խոշոր երկաթուղային աղետից վեց օր անց։ Հիշեցնենք՝ վթարի հետևանքով զոհվել է 69 մարդ, տասնյակները՝ վիրավորվել։ Պուենտեն հրաժարականի մասին հայտարարել է խորհրդարանում՝ ներկայացնելով Մադրիդից շուրջ 100 կմ հարավ գտնվող Ուրդա քաղաքի մերձակայքում երկու գնացքների բախման հանգամանքների վերաբերյալ զեկույցը։ «Իսպանիայի նման երկրում տրանսպորտի նախարարը չի կարող շարունակել պաշտոնավարել, երբ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում տեղի են ունեցել նման մասշտաբի երկու արտակարգ պատահարներ»,- հայտարարել է նախարարը։ Հոկտեմբերի 28-ի առավոտյան կենտրոնական Իսպանիայում՝ Մադրիդ-Սևիլիա երկաթուղային գծի վրա, պետական Renfe ընկերության արագընթաց գնացքը բախվել է գծերի վրա կանգնած Iryo ընկերության գնացքին։ Վթարի հետևանքով զոհվել է 69 մարդ, տասնյակները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Սա վերջին ամիսների ընթացքում Իսպանիայում տեղի ունեցած երկրորդ խոշոր երկաթուղային աղետն էր։ Առաջինը տեղի էր ունեցել հունվարի 18-ին՝ երկրի հարավում՝ Անդալուսիայի Ադամուս քաղաքում։ Այդ ժամանակ ևս բախվել էին Renfe և Iryo ընկերությունների գնացքները։ Վթարի հետևանքով զոհվել էր 46 մարդ, ավելի քան 200-ը՝ վիրավորվել։ Հատկանշական է, որ դեռ հոկտեմբերի 30-ին Պուենտեն հայտարարել էր, որ մտադիր չէ հրաժարական տալ։ «Իմ ներկայիս խնդիրը քննարկելը չէ, թե արդյոք պետք է մնամ պաշտոնում, այլ ստեղծված իրավիճակի լուծումը։ Ինձ համար ավելի հեշտ կլիներ հեռանալ, սակայն դա չի համապատասխանում ո՛չ իմ բնավորությանը, ո՛չ էլ վարչապետի խնդրանքին»,- այն ժամանակ ասել էր նախարարը՝ արձագանքելով ընդդիմության հրաժարականի պահանջներին։ Այժմ, սակայն, խորհրդարանում նա հայտնել է, որ հրաժարական տալու որոշումն ընդունել էր դեռ հոկտեմբերի 28-ին՝ երկաթուղային աղետից անմիջապես հետո։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17428

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով