Հայաստանի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ երկար տարիների բանակցությունները մտնում են գործնական փուլ։ Նոյեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը սեփական նախաձեռնությամբ պատվիրելու է ԹՐԻՓՓ-ի շրջանակում նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծումը։ Պատրաստի աշխատանքները հետագայում փոխանցվելու են հայ-ամերիկյան զարգացման ընկերությանը։ Այս որոշմամբ ԹՐԻՓՓ-ը մտնում է ֆինանսական և պայմանագրային պարտավորությունների փուլ։ Առանցքային հարցը պետական ծախսերի դիմաց Հայաստանի ստանալիք տնտեսական արդյունքն է։ Անհրաժեշտ է հստակեցնել նախագծման ֆինանսավորման պայմանները, պետության կատարած ներդրումների հաշվառման կարգը, հայ-ամերիկյան զարգացման ընկերության պարտավորությունները և ապագա եկամուտների ու ենթակառուցվածքների կառավարման իրավունքների բաշխումը։ Այս հարցերի պատասխաններն են որոշելու Հայաստանի տնտեսական շահը, պետական ներդրումների արդյունավետությունը և երկրի երկարաժամկետ դիրքը տարածաշրջանային հաղորդակցությունների համակարգում։ Առաջին լուրջ հարցը նախագծման ծախսերն են։ Որքա՞ն է վճարելու կառավարությունը, ֆինանսավորման ի՞նչ աղբյուրներ են նախատեսվում, ի՞նչ ընթացակարգով են ընտրվելու նախագծող կազմակերպությունները։ Արդյո՞ք կատարված ծախսերը հաշվառվելու են Հայաստանի ներդրումային մասնակցության կազմում։ Ի՞նչ պայմաններով են նախագծերը փոխանցվելու զարգացման ընկերությանը։ Այս հարցերի պատասխանները հանրությանը դեռ ներկայացված չեն։ ԹՐԻՓՓ-ի շրջանակային համաձայնագրով Հայաստանը ստանձնում է նաև ֆինանսական պարտավորություններ։ Պետական միջոցներով պետք է կարգավորվեն ծրագրի համար անհրաժեշտ հողատարածքների սեփականության և երրորդ անձանց իրավունքների հետ կապված հարցերը։ Համաձայնագիրը նախատեսում է նաև հարկային արտոնություններ և պետական գնումների ու պետական-մասնավոր գործընկերության ընդհանուր ընթացակարգերից բացառություններ։ Այս պայմանները պահանջում են ֆինանսական հիմնավորում և հանրային վերահսկողություն։ Անհրաժեշտ է գնահատել պետության ստանձնած ծախսերը, արտոնությունների տնտեսական հետևանքները և դրանց ազդեցությունը մրցակցության ու պետական բյուջեի վրա։ Անհրաժեշտ է հստակ սահմանել արտոնությունների ու բացառությունների շրջանակը, դրանց կիրառման պայմանները և պետական վերահսկողության մեխանիզմները՝ ապահովելով հանրային հաշվետվողականությունն ու Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանությունը։ Ամերիկյան կողմի ֆինանսավորումը կախված է միջոցների հասանելիությունից և դրանց հատկացման հաստատված ընթացակարգերից։ Ծրագրի ներդրումների վերջնական ծավալը, կողմերի ֆինանսական պարտավորությունների բաշխումն ու Հայաստանի ակնկալվող եկամուտները դեռ հստակեցման կարիք ունեն։ Նիկոլ Փաշինյանի հայտարարության կարևոր հատվածներից է ԹՐԻՓՓ-ի աշխարհագրության հնարավոր ընդլայնումը։ Նախատեսվող Նռնաձոր-Կարճևան երկաթուղուց բացի վարչապետը խոսել է Հայաստանի այլ շրջաններում միջազգային հաղորդակցությունների զարգացման հեռանկարի մասին։ Առանձնացվել է նաև Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով արևելք-արևմուտք տարանցիկ ուղղության նշանակությունը։ Հայաստանի տնտեսական հեռանկարը պահանջում է փոխկապակցված երկաթուղային, ավտոմոբիլային և էներգետիկ ենթակառուցվածքներ։ Դրանց զարգացումը կարող է խթանել արդյունաբերությունը, արտահանումը, լոգիստիկ ծառայությունները և նոր ներդրումները։ Ծրագրի տնտեսական հեռանկարները պետք է հիմնավորվեն մանրամասն հաշվարկներով։ Կառավարությունը պետք է ներկայացնի նախատեսվող ներդրումների և շինարարության ծախսերը, բեռնափոխադրումների կանխատեսվող ծավալները, տարանցման սակագները, պետական եկամուտներն ու ներդրումների վերադարձի պայմանները։ Կարևոր է նաև գնահատել ծրագրի ազդեցությունը Սյունիքի տնտեսության, տեղական արտադրության, զբաղվածության և շրջակա միջավայրի վրա։ Այս տվյալները թույլ կտան պարզել, թե կառուցվող ենթակառուցվածքներն ինչ տնտեսական արդյունք են ապահովելու Հայաստանին և որքանով են արդարացված պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունները։ Հայաստանը պատմական հնարավորություն ունի փոխելու իր տնտեսական աշխարհագրությունը և ամրապնդելու դիրքերը տարածաշրջանային հաղորդակցությունների համակարգում։ Երեք տասնամյակի շրջափակումը երկրի զարգացման համար ունեցել է բարձր տնտեսական, քաղաքական և մարդկային գին։ Այդ ժառանգության հաղթահարումը պահանջում է հետևողական դիվանագիտություն, որակյալ պետական կառավարում և ազգային շահերի հստակ գիտակցում։ ԹՐԻՓՓ-ի ռազմավարական նշանակությունը որոշվելու է Հայաստանի ստացած տնտեսական և քաղաքական արդյունքներով։ Նոր հաղորդակցությունները պետք է ապահովեն կայուն եկամուտներ, խթանեն ներդրումներն ու արտադրությունը, ընդլայնեն արտաքին շուկաների հասանելիությունը և ամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանային առևտրում։ Ծրագրի հաջողության գլխավոր չափանիշը Հայաստանի տնտեսական ինքնուրույնության ամրապնդումն ու տարածաշրջանային գործընթացների վրա երկրի ազդեցության մեծացումն է։



