Այսօր երեկոյան Ապարան–Աշտարակ ճանապարհի Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է Հայաստանը։ Նախնական տեղեկություններով՝ ութ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ողբերգությունը խլել է մարդկային կյանքեր, անդառնալի կորուստ պատճառել ընտանիքներին և կրկին բացահայտել Հայաստանի ճանապարհային անվտանգության համակարգում առկա լուրջ խնդիրները։ Ութ մարդու մահը պետական պատասխանատվության, ճանապարհների անվտանգության և նման ողբերգությունների կանխարգելման արդյունավետության վերաբերյալ ծանր հարցեր է առաջադրում։ Այս ողբերգությունը պետության առջև դնում է պատահարի բոլոր հանգամանքները բացահայտելու, ճանապարհային անվտանգության համակարգի թերությունները գնահատելու և մարդկային կյանքերի պաշտպանությունն ապահովող արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հրատապ խնդիր։ Ուշիի ոլորաններում տեղի ունեցածի պատճառները դեռ պարզվում են։ Քննությունը պետք է բացահայտի վարորդների գործողությունները, մեքենաների տեխնիկական վիճակը, ճանապարհի տեսանելիությունը, երթևեկության կազմակերպումը և անվտանգության ենթակառուցվածքների վիճակը։ Ութ մարդու մահվան հանգամանքների պարզաբանումը հանրային նշանակության հարց է։ Հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ է տեղի ունեցել և ինչ միջոցներ են ձեռնարկվելու նման ողբերգությունները կանխելու համար։ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարները վաղուց դարձել են հանրային անվտանգության լրջագույն խնդիրներից մեկը։ Պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականին գրանցվել է 4784 պատահար, զոհվել է 283 մարդ, վիրավորվել՝ 7073-ը։ 2026 թվականի առաջին վեց ամիսներին արձանագրվել է 2146 պատահար և 114 զոհ։ Վերջին տարիներին մահացության ցուցանիշը նվազել է, սակայն պատահարների և վիրավորների մեծ թիվը ցույց է տալիս խնդրի խորությունը։ Յուրաքանչյուր զոհի հետևում ընտանիք է, երեխաներ, ծնողներ, մարդկային ճակատագրեր։ Այս վիճակագրությունն արտացոլում է հասարակության կրած մարդկային, սոցիալական և տնտեսական ծանր կորուստները։ Ճանապարհային անվտանգությունը պետական կառավարման արդյունավետության և մարդկային կյանքի նկատմամբ պատասխանատվության կարևոր չափանիշ է։ Եվրոպական երկրներում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության նվազեցումը հետևողական պետական քաղաքականության արդյունք է՝ հիմնված անվտանգ ճանապարհաշինության, արագության վերահսկողության, տրանսպորտային միջոցների տեխնիկական հսկողության և ժամանակին բժշկական օգնության ապահովման վրա։ Հայաստանի եվրոպական ինտեգրումը պահանջում է նաև կառավարման այս մշակույթի որդեգրում՝ ճանապարհային անվտանգության եվրոպական չափանիշների ներդրմամբ և մարդկային կյանքի պաշտպանության նկատմամբ պետական պատասխանատվության ամրապնդմամբ։ Հայաստանը ձեռնամուխ է եղել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, միջազգային տարանցիկ ուղիների զարգացման և նոր տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման հավակնոտ ծրագրերի իրականացմանը։ Դրանց հաջողությունը մեծապես կախված է նաև երկրի ներքին ճանապարհային ցանցի հուսալիությունից և անվտանգությունից։ Հայաստանը տարածաշրջանային տրանսպորտային հանգույց դարձնելու հեռանկարը պահանջում է ճանապարհային տնտեսության համակարգային արդիականացում, անվտանգության ժամանակակից չափանիշների ներդրում և երթևեկության արդյունավետ կազմակերպում։ Այս խնդիրների լուծումն անմիջական նշանակություն ունի միջազգային բեռնափոխադրումների, զբոսաշրջության, մարզերի տնտեսական զարգացման և, առաջին հերթին, մարդկային կյանքերի պաշտպանության համար։ Ուշիի ողբերգությունից հետո անհրաժեշտ է անկախ մասնագիտական ուսումնասիրություն կատարել ճանապարհի տվյալ հատվածում՝ գնահատելով նախագծային լուծումները, լուսավորությունը, նշագծումը, անվտանգության պատնեշները և արագության սահմանափակումների արդյունավետությունը։ Նույնպիսի ստուգումներ են անհրաժեշտ հանրապետության բարձր ռիսկայնությամբ մյուս ճանապարհահատվածներում։ Պետությունը պետք է հրապարակի վտանգավոր տեղամասերի ամբողջական քարտեզ, դրանց բարելավման ծրագիր, հստակ ժամկետներ և պատասխանատու կառույցներ։ Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում բեռնատարների և մարդատար մեքենաների համատեղ երթևեկության անվտանգությունը։ Անհրաժեշտ են տեխնիկական վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ, արագության խախտումների կանխարգելում և ճանապարհային ենթակառուցվածքների հետևողական արդիականացում։ Այս միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսավորումը պետք է դիտարկվի որպես ներդրում մարդկային կյանքի, տնտեսության և երկրի ապագայի պաշտպանության գործում։ Հայաստանում ճանապարհային ողբերգություններին հաճախ հաջորդում են ցավակցություններ, պաշտոնական հաղորդագրություններ և հանրային վրդովմունք։ Ժամանակի ընթացքում ուշադրությունը մարում է, մինչդեռ վտանգավոր ճանապարհները շարունակում են ամեն օր ընդունել հազարավոր մեքենաներ։ Ուշիի ութ զոհերի հիշատակը պետությունից պահանջում է պատասխանատվություն։ Մարդկային կյանքը պետք է դառնա ճանապարհաշինության, տրանսպորտային քաղաքականության և պետական վերահսկողության գլխավոր չափանիշը։ Հայաստանը շատ կյանքեր է կորցրել պատերազմներում։ Խաղաղ ժամանակ մարդկանց կյանքը ճանապարհներին պաշտպանելը պետության ամենօրյա և ան քննելի պարտականությունն է։



