Եվրահանձնաժողովը Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ավելի զգուշավոր սցենար է նախապատրաստում։ Politico-ն, հղում անելով ներքին փաստաթղթին, գրում է, որ նոր ճանապարհային քարտեզում անդամակցության կոնկրետ ժամկետ նշված չէ։ Փոխարենը Բրյուսելն առաջարկում է մինչև 2027 թվականը սահմանել առաջընթացի միջանկյալ նպատակներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում իրավունքի գերակայության ոլորտում բարեփոխումներին։ Կիևից պահանջվում է զգալիորեն արագացնել դրանց իրականացումը՝ բանակցային նոր ուղղություններ բացելու համար։ Միաժամանակ Ուկրաինայի և Մոլդովայի եվրաինտեգրման գործընթացների տեմպերը տարբեր են։ Ըստ Politico-ի՝ ԵՄ-ն նախատեսում է մինչև 2027 թվականը Մոլդովայի հետ ավարտել բանակցությունները ավելի քան 20 ուղղությամբ, իսկ Ուկրաինայի հետ՝ ընդամենը յոթով։



