Դեմքի լրջությունը խաղաղության ծրագիր չէ

Հայաստանի ընդդիմությունը նոր Սահմանադրության դեմ արդեն լայնածավալ քաղաքական պայքար է սկսել։ Հնչում են կոշտ մեղադրանքներ, հրապարակվում են դատապարտող հայտարարություններ, իսկ առանձին գործիչներ նույնիսկ հասցրել են գնահատել ապագա փաստաթղթի վտանգները։ Այս ամբողջ աղմուկի մեջ, սակայն, կա մի էական հանգամանք. Սահմանադրության նախագիծը դեռ հրապարակված չէ, և ընդդիմության քննադատությունը առայժմ հիմնված է ենթադրությունների ու քաղաքական կանխակալ գնահատականների վրա։ Հայաստանի հասարակության համար ընդդիմության կոշտ հայտարարություններն ու հայրենասիրական հավաստիացումները վաղուց կորցրել են իրենց քաղաքական արժեքը։ Մարդկանց հետաքրքրում են բովանդակային պատասխաններն ու գործնական լուծումները։ Ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը գործող Սահմանադրությունը պահպանելուց բացի։ Ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը և երկրի հետագա զարգացումը։ Իշխանության քաղաքականությունը քննադատող ուժը պարտավոր է ներկայացնել սեփական ճանապարհը, բացատրել դրա հնարավորություններն ու հետևանքները։ Առանց այդ պատասխանների անգամ ամենախիստ քննադատությունը մնում է քաղաքական աղմուկ։ Եթե ընդդիմությունը պնդում է, որ պետք է անփոփոխ պահպանել 2015 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընդունված Սահմանադրությունը, պարտավոր է բացատրել այդ դիրքորոշման քաղաքական հիմնավորումն ու հետևանքները։ Գործող Սահմանադրությունն ընդունվեց Հանրապետական կուսակցության իշխանությունը երկարաձգելու քաղաքական հաշվարկով․ անցումը խորհրդարանական կառավարման համակարգի Սերժ Սարգսյանին հնարավորություն էր տալիս նախագահի պաշտոնավարման ավարտից հետո շարունակելու ղեկավարել երկիրը՝ արդեն վարչապետի կարգավիճակով։ Այդ գործընթացը ժամանակին ուղեկցվեց հասարակական անվստահությամբ ու բուռն դիմադրությամբ։ Այսօր նույն Սահմանադրությունը ազգային անսակարկելի արժեք ներկայացնող ընդդիմությունը պետք է բացատրի, թե ինչու է այն համարում Հայաստանի պետականության լավագույն երաշխիքը և ինչպես է պատկերացնում երկրի առջև ծառացած խնդիրների լուծումը դրա պահպանման պայմաններում։ Սակայն այս բանավեճի գլխավոր հարցը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը դեռ սպասում է ստորագրման։ Բաքուն շարունակում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը պարտադիր նախապայման համարել՝ վկայակոչելով Անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղին առնչվող դրույթները։ Այդ պահանջն իրավացիորեն առաջացնում է Հայաստանի ինքնիշխանության և ներքին գործերին միջամտության վերաբերյալ լուրջ հարցեր։ Ընդդիմությունը կարող է պաշտպանել գործող Սահմանադրությունը և մերժել Ադրբեջանի պահանջը, սակայն այդ դիրքորոշման քաղաքական արժեքը որոշվում է նաև առաջարկվող լուծմամբ։ Ինչպե՞ս է ընդդիմությունը պատրաստվում հաղթահարել Բաքվի նախապայմանը, հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը և ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ առանց Սահմանադրության փոփոխության։ Այս հարցի պատասխանից է կախված ընդդիմության դիրքորոշման քաղաքական լրջությունը։ Հայաստանն ունի ծանրակշիռ իրավական փաստարկներ՝ միջազգային իրավունքի սկզբունքները, 2024 թվականի Սահմանադրական դատարանի որոշումը և հարևանների նկատմամբ տարածքային պահանջների բացակայության պաշտոնական դիրքորոշումը։ Սակայն Բաքուն վաղուց ծանոթ է այս փաստարկներին և շարունակում է առաջադրել Սահմանադրության փոփոխության պահանջը։ Հետևաբար ընդդիմությունը պարտավոր է ներկայացնել խնդրի լուծման իր ճանապարհը։ Ինչպե՞ս է պատրաստվում փոխել Ադրբեջանի դիրքորոշումը, միջազգային ո՞ր գործընկերների աջակցությամբ, դիվանագիտական ի՞նչ միջոցներով և անվտանգության ի՞նչ երաշխիքներով է հասնելու խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Գործող Սահմանադրությունը պահպանելու պահանջը քաղաքական համոզչություն ձեռք կբերի միայն այս հարցերին պատասխանելու դեպքում։ Քաղաքականության մեջ իրավացի լինելը կարևոր է, սակայն ազգային, պետական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ են նաև արդյունք ապահովող որոշումներ։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ իրավական ու պատմական հիմնավորումներ ունենալը դեռ չի երաշխավորում երկրի անվտանգությունն ու խաղաղությունը։ Դրանց արժեքը որոշվում է նաև այն քաղաքականությամբ, որը կարողանում է կանխել նոր վտանգները, պաշտպանել պետության ինքնիշխանությունն ու ապահովել նրա զարգացման հնարավորությունները։ Հայաստանի համար այսօր վճռորոշ է հենց այդ կարողությունը։ Ադրբեջանի ռազմական առավելությունն ու Բաքվից նոր պահանջների հավանականությունը լուրջ մտահոգության հիմքեր են տալիս։ Սահմանադրության փոփոխությունն ինքնին չի երաշխավորում կայուն խաղաղություն և չի բացառում հետագա ճնշումները։ Հետևաբար իշխանությունը նույնպես պարտավոր է հասարակությանը բացատրել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, դրանց կապը խաղաղության գործընթացի հետ և ակնկալվող քաղաքական արդյունքները։ Պետության համար այսպիսի կարևորության որոշումը պահանջում է հանրային լայն քննարկում, հիմնավոր փաստարկներ և քաղաքացիների ազատ կամարտահայտություն։ Իշխանության պատասխանատվության հարցը, սակայն, չի նվազեցնում ընդդիմության պարտավորությունները։ Հայաստանը կանգնած է որոշումների առաջ, որոնցից կախված են երկրի անվտանգությունը, Ադրբեջանի հետ հարաբերությունների ապագան, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը, տնտեսական կապերի ընդլայնումն ու ներդրումային հեռանկարները։ Խաղաղության գործընթացի յուրաքանչյուր ձգձգում ունի իր քաղաքական և տնտեսական գինը։ Այդ գինը վճարում է Հայաստանի հասարակությունը՝ շարունակվող անորոշությամբ, անվտանգության սպառնալիքներով և զարգացման բաց թողնված հնարավորություններով։ Ընդդիմությունը լիարժեք իրավունք ունի մերժելու սահմանադրական փոփոխությունները, պաշտպանելու գործող Սահմանադրությունը և հանրաքվեի ընթացքում առաջարկվող փոփոխությունների դեմ քարոզչություն իրականացնելու։ Սակայն իշխանության հավակնող քաղաքական ուժը պարտավոր է ներկայացնել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման սեփական ծրագիրը։ Ինչպե՞ս է պատրաստվում կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ, ի՞նչ միջոցներով է ապահովելու սահմանների անվտանգությունը և ինչպե՞ս է հասնելու խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ առանց Սահմանադրության փոփոխության։ Սրանք գործնական քաղաքականության հարցեր են, որոնց պատասխաններից է կախված առաջարկվող այլընտրանքի համոզչությունը։ Սահմանադրությունը պահպանելու պահանջը կարող է ունենալ իրավական ու քաղաքական ծանրակշիռ հիմնավորումներ։ Սակայն այդ պահանջի շուրջ հայրենասիրական հայտարարությունները դեռ չեն բացատրում Հայաստանի հետագա անելիքները։ Երկրի կառավարումը ենթադրում է որոշումներ, պատասխանատվություն և դրանց հետևանքները հաշվարկելու կարողություն։ Ընդդիմությունը կարող է շարունակել քննադատել սահմանադրական փոփոխությունները, սակայն իշխանության հավակնությունը պահանջում է պատասխանել շատ ավելի կարևոր հարցի՝ ինչպե՞ս է պատրաստվում ապահովել Հայաստանի խաղաղությունը, անվտանգությունն ու զարգացումը։ Հասարակությունն իրավունք ունի իմանալու, թե ինչ ապագա է առաջարկում երկիրը կառավարելու հավակնություն ունեցող քաղաքական ուժը։ Առանց այդ պատասխանի սահմանադրական ամբողջ աղմուկը կմնա հերթական ներքաղաքական պայքարի դրսևորում, իսկ Հայաստանին անհրաժեշտ են որոշումներ, որոնք կարող են ապահովել խաղաղություն, անվտանգություն և զարգացման հեռանկար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17438

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով