Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) տեղադրված տեսաթակարդները հերթական անգամ արձանագրել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի ( Panthera pardus tulliana ) ներկայությունը։ Սա CWR տարածքում փաստագրված արդեն 8-րդ առանձնյակն է։ Ինչպես տեղեկանում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, հովազի տեղաշարժը տեսաթակարդների միջոցով ֆիքսվել է CWR-ի 3 տարբեր տեղամասերում՝ ընդգրկելով նրա միգրացիոն ուղու ամբողջ հատվածը, իսկ վերջին արձանագրումները կատարվել են ապաստարանի Ուրցաձորի տեղամասում։ «Նույն առանձնյակի հաջորդական ֆիքսումը ապաստարանի տարբեր հատվածներում փաստում է CWR-ի միգրացիոն միջանցքների անվտանգությունը, տարածքի լիարժեք պահպանությունն ու էկոհամակարգի կայունությունը։ Տվյալները վկայում են, որ CWR-ը շարունակում է ծառայել որպես հովազի պահպանության և կենսունակության ապահովման առանցքային տարածքներից մեկը Հարավային Կովկասում»,– ասված է հաղորդագրության մեջ։



